Ալիևի թիկնապահն է Սիրիա ուղարկում ադրբեջանցիներին (տեսանյութ)
Նմանատիպ
Սիրիայում ԱՊՀ երկրներից Բաշար Ասադի վարչակարգի դեմ ապստամբներ պատրաստող ճամբարը ղեկավարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անձնական թիկնապահը: Այս մասին ռուսաստանյան «Նեյրոմիր ԹՎ» ինտերնետային հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայից վերադարձած փորձագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, ANNA (Abkhazian Network News Agency) լրատվական գործակալության վերլուծաբան Մարատ Մուսինը:
Փորձագետն այս մասին բարձրաձայնել է օգոստոսի 21-ին Սիրիայում քիմիական զենք օգտագործվելու վերաբերյալ մեկնաբանության ժամանակ: Այդ պնդումը տեսանյութում հնչում է 21-23 րոպեներին:
Նա ասել է, որ որպես ANNA-ի թղթակցկան խմբի ղեկավար, օգոստոսի 21-ին նկարահանումներ է կատարել Դամասկոսի շրջակայքում Ասադի ուժերի’ ընդդիմադիրների հետ մարտերում: Նա հաստատել է այդ մարտերում քիմիական զենք օգտագործելու մասին տեղեկությունը’ նշելով, որ դա կարող էին անել միայն ապստամբական ուժերը:
Մարատ Մուսինը հայտնել է, որ Սիրիայում Ասադի ռեժիմի դեմ մարտիկների մեջ ԱՊՀ երկրների’ այդ թվում Ադրբեջանի մեծ թվով քաղաքացիներ կան: Նա ասել է, որ ԱՊՀ երկրներից մարտիկներ պատրաստող ճամբարը Ադրբեջանի նախագահի թիկնապահի կողմից ղեկավարվելու մասին տեղեկությունն իրեն հայտնել են Դամասկոսի շրջակայքում Ջաբարի շրջանում կռվող ադրբեջանցիները:
Նրա խոսքով’ ԱՊՀ քաղաքացիների հիմնական հոսքը Սիրիա, որոնք կռվում են Ասադի ռեժիմի հակառակորդների կողմից, կատարվում է Թուրքիայի վրայով: «ԱՊՀ երկրների քաղաքացիները Սիրիա են թափանցում Թուրքիայի վրայով: Նրանց Սիրիա փոխադրելու ամբողջ լոգիստիկան մտածել են անգլոսաքսերը: Առաջինը նրանց դիմավորում են թուրքերը, որոնք տաքսիներով ԱՊՀ երկրների քաղաքացիներին հասցնում են սիրիական սահման: Հետո գալիս է թուրքական ոստիկանական ավտոմեքենան, հավաքում է բոլորի անձնագրերը, տանում բաժանմունք, պատճենահանում եւ հետ վերադարձնում: Դրանից հետո նրանք անցնում են սահմանը, որտեղ նրանց դիմավորում են ռուսերենին տիրապետող ղրղզները», -նշել է փորձագետը:
Ադրբեջանի քաղաքացիների Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի դեմ ապստամբների կողմից մարտերում մասնակցության մասին մինչ այժմ միջազգային ԶԼՄ-ներում բազմաթիվ տեղեկություններ եւ տեսանյութեր են տարածվել: Այդ մարտերում արդեն 40-ից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ են զոհվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում