Ահա ինչպիսին չպետք է լինեն ընտրությունները. The Economist
Նմանատիպ
Ադրբեջանական ընդդիմության անկարողությունը տապալելու Իլհամ Ալիևի ամենազոր վարչակարգը, կարծես թե նրանց թմրամոլության է հասցրել: Ինչպես ծաղրանքով գրում է «The Economist» բրիտանական հրատարակությունն’ անդրադառնալով հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին: Անցյալ տարվա մայիսից մինչև 2013 թվականի մայիս ադրբեջանական իշխանությունների կողմից վեց անվանի ընդդիմախոսներ են մեղադրվել թմրադեղեր ձեռք բերելու մեջ: Այնինչ, Մարդու իրավունքների նոր զեկույցի համաձայն, ոստիկանությունը մեղադրյալների մոտ թմրանյութերը հայտնաբերել է միայն նրանց կալանավորելուց հետո:
«Նրանց ավելի շատ հետաքրքրում էր կալանավորվածների քաղաքական գործունեությունը, քան հանցակցությունը թմրանյութեր պահելու մեջ: Թմրադեղերի ստուգման արդյունքները բացասական են եղել: Ինչը վկայում է այն մասին, որ շինծու մեղադրանքները կառավարության քննադատներին լռեցնելու Ադրբեջանի սիրելի մարտավարությունն է»,- ասվում է հոդվածում:
Ըստ Մարդու իրավունքների զեկույցի’ հոկտեմբերյան ընտրություններին ընդառաջ իշխանություններն ավելի են սաստկացրել հետապնդումները: Ինչի օրինակն է վերաբերմունքը քննադատ լրագրողների նկատմամբ: 2012 թվականին բանտարկությունից ազատ էին արձակվել մի քանի լրագրողներ, բայց այս տարվանից սկսած’ բանտարկվել են վեցով ավելի լրագրողներ: Այն, որ ադրբեջանական կառավարությունը ժողովրդին ստիպում է իրեն ենթարկվել սպառնալիքների, բռնի հարձակումների և արատավոր արշավների միջոցով, ցուցում են նաև վերջին օրենսդրական բարեփոխումները:
Վերջին տարվա ընթացքում հարյուրապատիկ բարձրացվել է չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար սահմանված տուգանքի չափը: Հանրային կարգը խախտելու համար նախկին 15 օրվա կալանքի փոխարեն ներկայում հասնում է 60 օր: Իսկ համացանցում զրպարտության տարածումը քերականացնող նոր օրենքով’ զրպարտության համար պատիժ է սահմանվել մինչև երեք տարի ազատազրկում:
«Ինչի՞ց է վախենում կառավարությունը»,- հռետորական հարց է ուղղում հանդեսը’ հավելելով, որ Ալիևյան իշխանության պարտությունն անհավանական է, թեև 2011 թվականին «Արաբական գարուն»-ով ոգեշնչված ադրբեջանական ընդդիմությունը բողոքի ցույցեր բարձրացնելու փորձ արեց: Ադրբեջանում գործում են բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ, բայց նրանց փոքր մասն է ներկայացված խորհրդարանում: 2009 թվականի մարտի համաժողովրդական հանրաքվեով վերացվեց երկրի նախագահության երկանգամյա ժամկետը’ հնարավորություն ընձեռելով Ալիևին երրորդ անգամ առաջադրվել որպես նախագահ: 2013 թվականին ընդդիմությունը փորձեց ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել. հարևան Վրաստանում ընդդիմությանը միավորելու Բիձինա Իվանիշվիլիի հաջող օրինակով’ տարբեր ընդդիմադիր կուսակցություններ միավորվեցին Ադրբեջանի ժողովրդավար ուժերի Ազգային խորհրդի շուրջ’ առաջադրելով մշակութային հայտնի գործիչ, Օսկարակիր սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը:
Սակայն Իբրահիմբեկովը Ռուսաստանի և Ադրբեջանի երկքաղաքացի է, և օգոստոսի 27-ին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց նրա թեկնածությունը’ վկայակոչելով երկքաղաքացիության մասին օրենքը և Մոսկվայում նրան պատկանող բնակարանը: Ադրբեջանի ժողովրդավար ուժերի Ազգային խորհուրդն այնժամ առաջադրեց իր երկրորդ թեկնածուին’ Քամիլ Հասանլին:
Նշվում է, որ դիտորդները նույնպես անզոր են փոխել իրավիճակը, քանզի 2010 թվականի խորհրդարանական ընտրությունները, որ անց էին կացվել բազմաթիվ ընտրախախտումներով և կեղծիքներով, օրինական համարվեցին և շուտով մոռացվեցին:
Եվորպական միությունը ձգտում է սերտ կապեր հաստատել Ադրբեջանի հետ’ հիմնված էներգետիկ ռեսուրսների և «ընդհանուր արժեքների» հանդեպ հանձնառության վրա: Հանձնառություն, որ կիսում է միայն մեկ կողմը: Ադրբեջանը պարբերաբար անտեսում է ԵՄ դիտողություններն ու քննադատությունները Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտումիր գրանցած ցուցանիշների վերաբերյալ: Նոյեմբերի 28-ին և 29-ին կայանալիք Վիլնյուսի վեհաժողովը կմատնանշի այդ հարաբերությունների հետագա ընթացքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում