Համաշխարհային մամուլը տապալում է Ալիևի ընտրարշավը
Նմանատիպ
Մարդու իրավունքների պաշտպանության Human Rights Watch միջազգային կազմակերպության կողմից սեպտեմբերի 2-ին հրապարակված’ «Ադրբեջանում պտուտակների ամրացման ժամանակաշրջանը. քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության դեմ հարձակումները» կոչված 100 էջանոց զեկույցը անմիջապես հրապարակել են նաեւ աշխարհում առաջատար BBC, Euronews, Ալ Ջազիրա, Reuters, The Economist-ի նման հայտնի լրատվամիջոցները: Խիստ հետաքրքիր է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին քննադատական այդ զեկույցին համաշխարհային մամուլն անդրադարձել է այդ երկրում տեղի ունենալիք նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ:
«Ազադլըգ» թերթը հայտնում է, որ համաշխարհային մամուլն իր հաղորդումներում ուշադրության է հրավիրել զեկույցի հատկապես այն մասին, որում նշվում է, որ երկրում ընդդիմությանը լռեցնելու համար Ադրբեջանի իշխանությունը «վատ նպատակադրված քաղաքականություն» է վարում, եւ որ նախագահական ընտրություններից առաջ երկրում ազատ հավաքվելու, արտահայտվելու եւ միավորվելու ազատության իրավունքները ոտնահարելու ադրբեջանական կառավարության վարած քաղաքականությունն ավելի ինտենսիվ բնույթ է ստացել:
Նշվում է, որ 2012 թ-ի փետրվարից մինչեւ 2013 թ-ի օգոստոսն Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով 39 անձինք դատապարտվել եւ բռնաճնշումների են ենթարկվել, Ադրբեջանը հանդիսանում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը, եւ պատահական չէ, որ Transparency Internatioanl հակակոռուպցիոն կազմակերպության զեկույցում աշխարհի 176 երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցնում է 139-րդ տեղը:
Միջազգային ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանի խորհրդարանը փաստացի ամբողջությամբ վերածվել է անգործ կառույցի եւ զբացված է Նախագահի աշխատակազմից ուղարկված փաստաթղթերի հաստատումով:
Զեկույցում Ադրբեջանի միջազգային գործընկերներին, հատկապես, Եվրամիությանը, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին եւ այլ շահագրգիռ կողմերին խորհուրդ է տրվում Ադրբեջանի հետ բաց եւ փակ շփումներում անհանգստություն հայտնել քաղաքացիական հասարակության նկատմամբ կատարվող ճնշումների, երկրում հավաքվելու իրավունքները խախտվելու հարցերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում