Սիրիայում ցանկացած ռազմական միջամտություն միջազգային իրավունքի ոտնահարում է. արաբագետ
Նմանատիպ
Սիրիայում ցանկացած ռազմական միջամտություն միջազգային իրավունքի ոտնահարում է, քանի որ ամեն պարագայում այդ քայլին դիմելու վերաբերյալ ՄԱԿ-ի հավանությունը բացակայում է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց արաբագետ Արաքս Փաշայանը: «Իրավիճակը ճգնաժամային է, և այն գործողությունները, որ ծրագրվում են ԱՄՆ-ի ու եվրոպական որոշ երկրների’ մասնավորապես, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից, դեռևս վիճարկելի են, քանի որ պետք է ստանան իրենց երկրների օրենսդիր մարմինների համաձայնությունը: Ամեն պարագայում, ամենևին փաստարկված չեն այդ գործողությունները»,-պարզաբանեց արաբագետը’ թերևս միակ դրական փաստը համարելով Սիրիայի դեմ հավանական հարձակում նախապատրաստող երկրների հասարակությունների բացասական արձագանքը:
Արաքս Փաշայանի խոսքերով’ ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը որևէ դրական բեկում չի կարող մտցնել սիրիական պատերազմի ընթացքի մեջ և չի կարող լուծել սիրիական թնջուկը, որը վերածվել է խրթին հակամարտության: «Սիրիան ռազմական գործողությունների մի այնպիսի հարթակ է դարձել, ուր բախվում են ոչ միայն գերտերությունների և ուժային տարբեր կենտրոնների հետաքրքրություններն ու շահերը, այլ նաև ներիսլամական’ սունիների և շիաների աշխարհաքաղաքական խմբավորումների շահերը: Այս հակամարտության լուծումը պահանջում է ավելի համապարփակ կարգավորում: Միջազգային ուժային կառույցներին հազիվ թե հաջողվի հանգուցալուծել ճգնաժամն առանց Դամասկոսի հետ հաշվի նստելու»,- ասաց նա:
Արևելագետ Սուրեն Մանուկյանն էլ կասկած չունի, որ ԱՄՆ-ը հարվածելու է Սիրիային: «Հարցը միայն ժամկետի ու հարվածի չափերի մեջ է: Ամենյան հավանականությամբ, կլինեն օդային հարվածներ սիրիական իշխանությունների կողմից վերահսկվող ռազմաբազաների, սիրիական զորքերի, նավահանգիստների ուղղությամբ»,- ասաց Սուրեն Մանուկյանը: Արևելագետի կարծիքով’ հարվածի ուժգնությունը կախված կլինի ինչպես Կոնգրեսի որոշումից, այնպես էլ միջազգային կոալիցիա ստեղծելու հաջողությունից: «Կանգրեսականների մի մասը դեմ է Սիրիային հարված հասցնելուն, մյուս մասն էլ’ ավելի կ ոշտ քայլերի կողմնակից է: Երկրում դեռ պետք է ճշտեն հարվածի ձևաչափը, և այ դ պատճառով շատ կարևոր են սեպտեմբերի 9-ի քննարկումները: Բացի այդ, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Վաշինգթոնը չի գնա ռազմական գործողությունների’ մինչև կոալիցիա չլինի»,- ասաց Սուրեն Մանուկյանը’ հավելելով, որ բոլոր հնարավոր դաշնակիցները հրաժարվել են կոալիցիա կազմել, և համաձայնություն են տվել Թուրքիան և Սաուդյան Արաբյան:
«Մինչև սեպտեմբերի 9-ը ԱՄՆ-ն զբաղված կլինի իր բոլոր դաշնակիցներին «մշակելով»’ ուժի սպառնալիքով, այս կամ այն առաջարկություններով, որպեսզի աշխարհում բացարձակ ագրեսորի կերպարով հանդես չգա: Ես չեմ բացառում, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հարցը ձևականորեն դրվի և ընդունվի, և այդ փաստաթուղթը ԱՄՆ-ը կօգտագործի արդեն ռազմական գործողություններից հետո»,- ասաց Սուրեն Մանուկյանը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դիմել է Կոնգրեսին’ Սիրիային սահմանափակ թվով հարվածներ հասցնելու հարցը քննարկելու համար: Հարցը կքննարկվի սեպտեմբերի 9-ին, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերադառնա արձակուրդից: Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ ամբողջ ուժով պայքարելու են հավանական հարվածի դեպքում:
Ստեղծված իրավիճակում ծանր պայմաններում է հայտնվել հալեպահայությունը, ով արդեն հինգերորդ օրն է’ զրկված է ինտերտետային և հեռախոսային կապից, կա սննդամթերքի ու վառելանյութի պակասություն’ քաղաքի շրջափակման պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում