Ադրբեջանի նախագահական ծառայությունն անզոր է Anonymous-ի առջև
Նմանատիպ
Տեխնիկական անվտանգության ոլորտում մասնագիտացող SC Magazine հանդեսը հաստատել է Ադրբեջանի պետական էներգետիկական «Ազերէներժի» ընկերության կայքը Anonymous հաքերային խմբի կողմից կոտրվելու փաստը:
SC Magazine-ը հայտնում է, որ հաքերային խումբը «Ազերէներժի» ընկերության կայքից առեւանգել եւ համացանցում է տեղադրել գաղտնի տեղեկատվություն’ հաշվապահական հաշվառումների, գործունեության «ապօրինի սխեմաների», գաղտնի պայմանագրերի եւ օֆշորային հաշիվների մասին, ինչի արդյունքում հաքերների ձեռքում հայտնվել են տարբեր աստիճանի կարեւորության 80 փաստաթղթեր:
Ըստ haqqin.az լրատվական կայքի’ փորձագետների մեծ մասը չեն հավատում, որ «Ազերէներժի» ընկերության կայքը կոտրվել է: «Փորձագետները ավելի շատ հակված են հավատալու այն մեկնակերպին, որ գաղտնի նյութերը եւ ներքին փաստաթղթերը գողացվել են ընկերության աշխատակիցներից մեկի աշխատանքային համակարգիչից: Փորձագետները համոզված են, որ այդ խմբի հետեւում թաքնված է արեւմտյան հատուկ ծառայություններից մեկի տեղեկատվական-ուղեղային կենտրոնը»,- գրում է haqqin.az-ը:
Մեկնաբանելով իրադարձությունը, ինտերնետ-ֆորումի ղեկավար Օսման Գյունդուզը «Թուրան» լրատվական գործակալությանն ասել է, որ Ադրբեջանի պետական կայքերի վրա կատարված մի քանի հարձակումներից հետո նախագահ Ալիեւի հանձնարարությամբ Հատուկ պահպանության պետական ծառայությանը կից ստեղծվել է Կապի անվտանգության եւ տեղեկատվության հատուկ պետական գործակալություն, որը պետք է ինտերնետ-անվտանգություն ապահովեր: «Սակայն եթե նման փաստերը շարունակվում են, նշանակում է այդ կառույցի գործունեություն նվազ արդյունավետ է»,- նշել է Գյունդուզը:
Anonymous-ի կողմից դա արդեն երրորդ գրոհն է Ադրբեջանի պետական կայքերի վրա: Հունվարին հաքերային խումբը կոտրել էր Ադրբեջանի պետական պահպանության հատուկ ծառայության dmx.gov.az կայքը, չնայած վերջինս հերքել էր դա:
Ապրիլին Anonymous-ը կազմակերպել էր Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 1,5 Գբ տվյալների արտահոսք: Հաքերների խումբը նաեւ հայտարարել էր, որ Ադրբեջանի տարբեր կորպորացիաների եւ պետական մարմինների միջեւ կապեր են հայտնաբերել ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում