Քարվաճառում եւս մեկ բնակելի տուն իրականություն է դառնում
Նմանատիպ
Մեր ընտանիքի տան կառուցման պատմությունը մի տեսակ հասարակական հնչեղություն ստացավ, եւ դա միանշանակ պայմանավորված էր այն վայրով, որը մենք ընտրեցինք տուն կառուցելու համար: Այդ վայրն ազատագրված Քարվաճառն է: Ցավոք, այստեղ ամեն օր տուն չի կառուցվում, ոչ էլ հաճախ նոր բնակիչների են գալիս բնակվելու, այդ պատճառով էլ մեր երիտասարդ ընտանիքի Քարվաճառ տեղափոխվելը դուրս եկավ մեր ընտանեկան-անձնական շրջանակներից:
Ուրախությամբ պետք է փաստեմ, որ գրեթե մեկ տարի ուրիշ մարդկանց տներում ապրելուց հետո մեր տանն ապրելու երազանքը կամաց-կամաց իրականությանն է մոտենում: Մեր տան տանիքն արդեն գրեթե պատրաստ է, դուռ-լուսամուտները տեղադրված են: Ջուր ու էլեկտրականություն էլ ունենք. ի դեպ, երկուսն էլ հոգացել է պետությունը:
Ներսի հարդարանքներն այս տարի չենք կարողանա անել, բայց հոգ չէ, մոտավորապես մեկ ամսից մենք կապրենք մեր տանը, Քարվաճառում մեր նախաձեռնությամբ կառուցված տանը:
Տուն կառուցելը հեշտ գործ չի, բայց կանգուն տունդ տեսնելուց մոռանում ես բոլոր ֆիզիկական ու հոգեւոր դժվարությունները, որ ապրել ես մինչ այդ:
Ցանկանում եմ, որ նորանոր հայ ընտանիքներ զգան Ազատագրված հողում տուն կառուցելու բերկրանքն ու հպարտությունը: Իսկ մենք ինչով կարողանանք` կաջակցենք…
Թամարա Գրիգորյան