Արցախում տեղի կունենա D’Black Blues Orchestra խմբի համերգը
Նմանատիպ
Ստեփանակերտում սեպտեմբերի 8-ին կկայանա D’Black Blues Orchestra խմբի համերգը, որի մենակատարն է ռուսաստանցի հայտնի գործարար Վլադիմիր Ավետիսյանը: Ինչպես հաղորդում են Լեռնային Ղարաբաղի մշակույթի նախարարությունից, Վլադիմիր Ավետիսյանը «Վոլգոպրոմգազ» հոլդինգի սեփականատերն է: Երկար տարիներ եղել է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսի»-ի վարչության անդամ, վարչության նախագահի տեղակալ, կառավարող տնօրեն’ անմիջական մասնակցություն ունենալով ՌԴ էներգետիկ ոլորտի բարեփոխումներին և նոր առևտրային էներգաընկերությունների ստեղծմանը: Ներկայումս զբաղեցնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդականի և Ռուսաստանի Մեքենաշինական միության կենտրոնական խորհրդի անդամի պաշտոնները:
Վլադիմիր Ավետիսյանն ու D’Black Blues Orchestra խումբը հանրությանը կներկայացնեն «Claptomania» նախագիծը, որի հիմքում ընկած են բլյուզի բրիտանացի լեգենդար վարպետ Էրիկ Քլեպթոնի երգացանկի հայտնի ստեղծագործությունները:
D’Black Blues Orchestra-ն հանդես կգա միջազգային լայն կազմով’ համերգին կմասնակցեն երաժիշտներ 5 երկրներից’ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Իսպանիայից:
Բլյուզի սիրահարները հատկապես նշում են խմբի համերգների ձայնի որակը: Խումբը հյուրախաղերի է մեկնում իր սարքավորումներով, իսկ ձայնային ինժեներների աշխատանքը համապատասխանում է համաշխարհային չափորոշիչներին:
Խումբը շրջագայություններ է ունեցել Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Ուկրաինայում, Մոլդովայում, Չինաստանում, սկանդինավյան և մերձբալթյան երկրներում, ինչպես նաև Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Լոնդոնում կայացած հյուրախաղերի ընթացքում Էրիկ Քլեպթոնը, ի նշան Crossroads հիմնադրամին ցուցաբերված աջակցության համար երախտագիտության, Ավետիսյանին է նվիրաբերել իր կիթառը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում