Սուրբ Խաչ հայկական եկեղեցին պատրաստ է ամենամյա պատարագին
Նմանատիպ
Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում սեպտեմբերի 8-ին կայանալիք պատարագի նախապատրաստական աշխատանքները մոտեցել են ավարտին: Վանի Գևաշ գավառի քաղաքապետարանի աշխատակիցները մաքրել են կղզու տարածքը և կարգի են բերել այն նավերը, որոնցով կիրակի ուխտավորները կայցելեն Աղթամար կղզի: Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, եկեղեցու առջևում, պատարագին հետևողներին արևից պաշտպանելու հատուկ նպատակով հսկայական վրան է տեղադրվել: Կղզում կլինեն նաև շտապօգնության և անվտանգության աշխատակիցներ:
Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի անդամ Դիրթադ Ուզունյանը, ով արդեն իսկ գտնվում է Վանում, ոգևորությամբ է խոսել այս տարի, առաջին անգամ եկեղեցում մկրտություն իրականացնելու մասին: «Մենք պատարագի ժամանակ կաղոթենք աշխարհի խաղաղության համար»,- ասել է նա: Ուզունյանը նշել է, որ եկեղեցում իրականացվելիք մկրտության արարողության ժամանակ իրենք առաջին անգամ կօգտագործեն Վանա լճի ջուրը:
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում սեպտեմբերի 8-ին կիրականացվի 4-րդ պատարագը’ 2007 թվականին եկեղեցու վերանորոգումից ի վեր: Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ասել է, որ եկեղեցում այս անգամ կայանալիք պատարագին աղոթելու են Մերձավոր Արեւելքի խաղաղության համար, և հանդես են գալու խաղաղության հաստատման’ միջազգային հանրությանն ուղղված կոչով: Այս տարի նախատեսվում է Սուրբ Խաչ եկեղեցում առաջին անգամ զանգվածային մկրտություն իրականացնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում