Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը դիմում է հղել G 20-ի երկրներին
Նմանատիպ
Սիրիայում մարդասիրական ճգնաժամը մտնում է մի նոր վճռական փուլ, որտեղ ակնհայտ է դառնում, որ կողմերը հաշվի չեն առել եւ հաշվի չեն առնում Սիրիայի ժողովրդի, Սիրիայում ապրող փոքրամասնությունների եւ բնիկ ժողովուրդների անվտանգության, ֆիզիկական գոյության նվազագույն իրավունքը, ինչպես նաեւ նրանց ապագա ունենալու եւ զարգանալու նույնքան բնական իրավունքը:
Կրկին հիշեցնենք, որ բնիկ հայ ժողովուրդը քրիստոնեության ընդունումից 1700 տարի ի վեր ապրում է Սիրիայի տարածաշրջանում, որպես քրիստոնյա փոքրամասնություն եւ 20-րդ դարասկզբին արդեն իսկ մեկ անգամ ենթարկվել է ցեղասպանության ու բռնագաղթի: Ցեղասպանության եւ բռնագաղթի վտանգը կրկին կախվել է Սիրիայի ժողովրդի եւ Սիրիայում ապրող փոքրամասնությունների եւ բնիկների վրա, այդ թվում՝ Սիրիայի հայության:
Սիրիային հարվածելու ԱՄՆ Կոնգրեսի որոշումը հանգեցնելու է տարածաշրջանային նոր մարդասիրական ճգնաժամի, իր բոլոր ծանր հետեւանքներով, բոլոր կողմերի համար: Կարծում ենք, որ Սիրիայի հիմնախնդրի լուծումը Սիրիայի ժողովրդի եւ այնտեղ ապրող փոքրամասնությունների եւ բնիկների ապագան կապված է հստակ եւ փոխկապակցված իրավական, հասարակական – քաղաքական այն որոշումներից, որոնք կառուցվում են երկխոսության, այլ ոչ թե ռազմական առճակատման քայլերի վրա: Բոլոր այլ տեսակի գործողությունները էլ ավելի են վատթարացնելու իրավիճակը եւ ոչ միայն Միջին Արեւելքում:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը մտահոգ է տարածաշրջանային ռազմա-քաղաքական իրադարձությունների բացասական զարգացման հեռանկարով, ինչը հիշեցնում է 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի հայտնի սցենարները, որոնց պատճառով հայությունը ենթարկվեց ցեղասպանության եւ հայրենազրկվեց: Ուստի մենք մտահոգ ենք ոչ միայն Միջին Արեւելքում ապրող մեր հայրենակիցների անվտանգությամբ, այլեւ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգության խնդիրներով, որոնք ուղղակիորեն կապված են Միջին Արեւելքի ռազմա-քաղաքական զարգացումների հետ:
Սիրիայի հայության ապագան, մասնավորապես, նրա անվտանգության, կյանքի եւ գույքի իրավունքների պաշտպանության եւ մանավանդ բնօրրան հայրենիք վերադարձի եւ ինքնորոշման իրավունքի իրականացման մեջ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում