Թուրքական կազմակերպությունը սպառնում է խանգարել Աղթամար եկեղեցում մկրտությունը
Նմանատիպ
Թուրքիայում գործող «ԱՍԻՄՏԷՐ» հակահայկական կազմակերպությունը ցանկանում է խանգարել սեպտեմբերի 8-ին Վանի Աղթամար եկեղեցում կայանալիք մկրտության արարողությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկատվությունը հրապարակել է Թուրքիայում լույս տեսնով «Մարմարա» հայկական պարբերականը։
Թերթի փոխանցմամբ՝ կազմակերպության անդամները պատրաստվում են երթ կազմակերպել դեպի Աղթամար եկեղեցի։ ««ԱՍԻՄՏԷՐ»-ը հապավում է, որը կառուցված է «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքար» բառերի առաջին տառերից։ Կազմակերպությունը մերթընդմերթ տարօրինակ պնդումներով է հանդես գալիս, բայց վերջին ելույթը ստվերում թողեց բոլոր նախկինները։ «ԱՍԻՄՏԷՐ»-ը պնդում էր, որ Աղթամարի Եկեղեցին պատկանել է ոչ թե հայերին, այլ քրիստոնյա թուրքերին։ Այս պնդումների համար առիթ է ծառայել եկեղեցու քանդակներից մեկում պատկերված ձիավորը, որը, ձիու վրա, դեպի կենդանու գավակը նստած, նետ է արձակում։ Կազմակերպությունը պնդում է, որ միայն թուրքերը կարող են նման կերպ նետ արձակել»,- գրում է պարբերականը։
Կազմակերպության առաջնորդ Կյոքսել Կյուլպեյը հանդես է եկել հայտարարությամբ, որ «ԱՍԻՄՏԷՐ»-ը պատրաստվում է երթ կազմակերպել Աղթամարի եկեղեցի: «Հայերը կրկին անգամ արարողություն են անցկացնում եկեղեցում։ Նրանք պնդում են, որ եկեղեցին իրենցն է, սակայն մենք համոզված ենք, որ եկեղեցին պատկանել է քրիստոնյա թուրքերին։ Մենք ունենք փաստեր, որ ապացուցում են դա, և պատրաստվում ենք դիմել Մշակույթի նախարարություն։ Մենք երթ կանցկացնենք, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի հյուրերը»,- հայտարարել է թուրք գործիչը՝ նշելով, որ եկեղեցում մեխակներ կթողնեն այն մահմեդական կանանց համար, ովքեր, իբր թե, սպանվել են հայ հրոսակախմբերի կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում