Թուրքիայում ներկրոնական բախումներ են տեղի ունեցել
Նմանատիպ
Թուրքիայի ալավիները (իսլամի շիա ուղղության հետեւորդներ) բողոքի ցույց են անցկացրել Անկարայի Մամաք Թուզլուչայը թաղամասում’ միեւնույն տանիքի տակ սունիական մզկիթ եւ ալավիների աղոթատեղի (ջեմեվի) կառուցելու պետական ծրագրի դեմ: Ինչպես հաղորդում է թուրքական DHA լրատվական գործակալությունը, պետության կողմից իսլամի այդ երկու ուղղությունները միացնելու փորձ որակած ցուցարարները, որ ոնք հավաքվել են շենքի հիմնարկեքի վայրում, քարեր եւ փայտեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Վերջիններս արցունքաբեր գազ եւ ջրաշիթեր են արձակել ցուցարարների վրա: Ոստիկաննները ձերբակալել են 16 մարդու: Բախումների ժամանակ մեկ ոստիկան ծանր վիրավորվել է:
Ալավի ցուցարարները հայտարարել են, որ սունիների հետ միեւնույն տանիքի տակ ալավիական ջեմեվի կառուցելը «ասիմիլյացիոն նախագիծ է»: Ալավիկան «Փիր Սուլթան Աբդալ» մշակութային կենտրոնի ղեկավար Քեմալ Բյուբյուլը հայտարարել է, որ ալավիները չեն հաճախելու մզկիթի հետ միեւնույն տանիքի տակ գտնվող ջեմեվի: «Մենք սունի քաղաքացիների հետ ոչ մի խնդիր չունենք: Մենք դեմ ենք մեզ տարրալուծող եւ ռասիստական պետությանը», – ասել է նա:
Ցուցարարները «Չենք լինելու պետության ալավին», «Ձեռք քաշեք մեր հավատքից» բովանդակությամբ լոզունգներ են պարզել: Ոչ պաշտոնական տվյալներով’ Թուրքիայում իսլամի շիա ուղղությունը դավանողների թիվը 22 մլն է, որը կազմում է ամբողջ բնակչության գրեթե 30 տոկոսը: Ալավիները պահանջում են, որպեսզի թուրքական պետությունն իրենց դավանանքը պաշտոնապես ճանաչի, ինչը Թուրքիայի իշխանությունները մերժում են 1923 թ-ին հանրապետության հռչակումից ի վեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում