Ռուսներն ու վրացիները կողմ են աբխազական երկաթուղու բացմանը
Նմանատիպ
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն օրեր առաջ կայացած ասուլիսի ժամանակ չի անդրադարձել աբխազական երկաթուղու վերաբացման թեմայի շուրջ վրաց-աբխազական բանակցություններին:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արթուր Բաղդասարյանը՝ մեկնաբանելով օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ իր կողմից հնչեցրած հայտարարությունը, թե վրացական եւ ռուսաստանյան կողմերը համաձայնություն են տվել աբխազական երկաթուղու վերաբացմանը: «Ես հայտարարել եմ, որ թե’ Ռուսաստանի, թե’ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակային խոսել են երկաթուղու վերաբացման շուրջ իրենց դրական վերաբերմունքի մասին, եւ սա փաստ է»,- ասաց Բաղդասարյանը:
Նա նշեց, որ ինքը չի խոսել այս թեմայի շուրջ վրաց-աբխազական բանակցությունների մասին: Բաղդասարյանի խոսքով՝ արձանագրվել է սոսկ, որ շահագրգիռ հիմնական կողմերը դրական են վերաբերվում երկաթուղու վերաբացմանը: «Երկաթուղու վերաբացումը, միանշանակ, կարևոր նշանակություն կունենա բոլոր ներգրավված երկրների համար, թե քաղաքացիների և թե բեռնափոխադրումների ավելի էժան, հարմարավետ ճանապարհ ապահովելու համար»,- ասաց ԱԱԽ քարտուղարը:
ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն օրեր առաջ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ աբխազական երկաթուղու վերաբացման շուրջ վրացական եւ ռուսական կողմերը տվել են իրենց համաձայնությունը՝ ընդգծելով, որ երկաթուղու վերաբացումը բավականին երկար գործընթաց է, եւ ժամանակ է հարկավոր այդ ծրագիրը կյանքի կոչելու համար՝ հաշվի առնելով նաեւ հակամարտության առկայությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում