Օբաման չի հարձակվի, եթե…
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սիրիայի քիմիական զենքը միջազգային հսկողությանը փոխանցելու Ռուսաստանի առաջարկը «պոտենցիալ բեկում» է որակել սիրիական հակամարտության լուծման հարցում: Օբամայի խոսքով՝ այդ դեպքում Միացյալ Նահանգները կարող է հետաձգել Սիրիային ռազմական հարված հասցնելը: Նա ամերիկյան մի քանի հեռուստաալիքների տված հարցազրույցում ասել է, որ հարվածը «միանգամայն ստույգ» կհետաձգվի, եթե Բաշար Ասադի կառավարությունը քիմիական զենքը փոխանցի համաշխարհային հանրության հսկողությանը:
Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը կասկած է հայտնել, որ Սիրիայի կառավարությունն, իրոք, կգնա այդ քայլին: Օբաման նաեւ ընդունել է, որ, հնարավոր է, իրեն չհաջողվի Կոնգրեսի համաձայնությանը հասնել Սիրիային ռազմական հարված հասցնելու հարցում: Ավելի վաղ Մոսկվան կոչ է արել Սիրիային քիմիական զենքը հանձնել միջազգային հսկողությանը եւ ոչնչացնել այն, եթե դա թույլ կտա խուսափել ԱՄՆ-ի ռազմական հարվածից:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ առաջարկն արժանի Է մանրակրկիտ ուսումնասիրման` պայմանով, որ զենքը միջազգային հսկողությանը հանձնվի օպերատիվորեն, եւ քիմիական գրոհի համար մեղավորները կպատժվեն:
Ինչպես սեպտեմբերի 10-ին հաղորդել է գերմանական «ARD» հեռուստաալիքը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «հետաքրքիր» է որակել Սիրիայի քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու ՌԴ-ի առաջարկը:
Մերկելի խոսքով՝ միջազգային հանրության համար առաջնահերթը պետք է լինի այն ամենը, ինչը թույլ կտա խուսափել ռազմական միջամտությունից: Կանցլերն ընդգծել է, որ Գերմանիան մտադիր է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել Սիրիայի հակամարտության քաղաքական լուծման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում