Թուրքիայում զինծառայողին աշխատանքից հեռացրել են արմատներով հայ լինելու համար
Նմանատիպ
Թուրքիայում պարտադիր զինծառայությունը Էդիրնեում կատարելուց հետո որպես մասնագետ սերժանտ բանակում աշխատանքի անցած Սեյֆեթին Բոզանին 1994 թ-ին բանակի շարքերից հեռացրել են նրա’ արմատներով հայ լինելը պարզվելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Ռադիկալ» թերթի թղթակից Նաիֆ Քարաբաթաքը պատմում է «Հայ ես, անկարգապահ ես» խորագրով հոդվածում: Սերժանտը աշխատանքի էր անցել Վանի Էրճիշ բնակավայրում գտնվող զորամասում:
«Նախկին զինծառայողը, որին 8 ամիս որպես մասնագետ սերժանտ աշխատելուց հետո հեռացրել են բանակից, չգիտեր էլ, որ երեք սերունդ առաջ իր նախնիների ծագումով հայ լինելը կարող էր իրեն աշխատանքից ազատելու պատճառ դառնալ:
Սեյֆեթին Բոզանը մեծացել է մահմեդական ընտանիքում, նա օրական հինգ անգամ նամազ է անում, մահմեդականի նման պաս է պահում: Իր կենսակերպով նա հայի նման չէ: Նա պատմում է, որ 1915 թ-ին իր դեռ երեխա պապն ու տատը’ Հովհաննեսն ու Սինոֆերը խնամակալության են առնվել մահմեդականների կողմից եւ մեծացել որպես մահմեդականներ: Հետագայում նրանք ամուսնացել եւ տեղավորվել Ադըյամանի Գյոլփընար գյուղում: Նրանց զավակները տեղափոխվել են Ադըյաման, որտեղ էլ1972 թ-ին ծնվել է Սեյֆեթինը: Բանակում 10 ամիս աշխատելուց հետո վստահության հարցաքննության ժամանակ ղեկավարությունը նրա ան ձնական գործում «անկարգապահ» գրառում է կատարում: Հետագայում Սեյֆեթին Բոզանին հաջողվում է այդ վիրավորական բնութագրումը փոխարինել «կրակելու մեջ անհաջողակ» գրառմամբ, որ թեպետ եւս պակաս ստորացուցիչ չէր: 1998 թ-ի փետրվարի 28-ի ռազմական հեղաշրջման ժամանակ բանակում նամազ անող իր ծառայակիցներին եւս հեռացվելուց հետո Սեյֆեթինը հասկանում է, որ իրեն բանակից հեռացնելու պատճառն իրականում եղել է իր ծագումով հայ լինելը: 20 տարի լռելուց հետո Սեյֆեթինն այժմ փորձում է վերականգնել իր անարդարացիորեն կորցրած իրավունքը, գոնե նրա համար, որպեսզի պետ ությունը հաշվի առնի դա թոշակի անցնելու եւ առողջապահության հետ կապված հարցերում: Սակայն պատկան կառույցները նրան պատասխանել են, որ ոչնչով օգնել չեն կարող»,- գրում է «Ռադիկալ»-ի թղթակիցը:
«Ակոս» թերթը վերջերս պարզել էր, որ Թուրքիայում ոչ մահմեդականների ծննդյան վկայականներում ազգային պատկանելության մասին գաղտնի կոդավարում են կատարում, եւ որ հայերի կոդը «2» թիվն է: Ինչպես երեւում է’ արմատներով հայ Սեյֆեթին Բոզանը դարձել է այդ գաղտնի կոդավորուման հերթական զոհը Թուրքիայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում