Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից 12 տարի անց
Նմանատիպ
ԱՄՆ-ը այսօր 12-րդ անգամ հիշում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգության զոհերին, երբ մահապարտ ահաբեկիչները զավթված երկու ինքնաթիռներով գրոհեցին Նյու Յորքում Առեւտրի համաշխարհային կենտրոնի աշտարակների եւ Վաշինգտոնում Պենտագոնի շենքի վրա, երրորդ ինքնաթիռը, որի անձնակազմն ու ուղեւորները փորձում էին վտանգազերծել ահաբեկիչներին, վայր ընկավ Փենսիլվանիայում: Ողբերգությունը, որը գրեթե երեք հազար մարդու կյանք խլեց, շրջադարձային դարձավ ԱՄՆ-ի ներքին ու միջազգային քաղաքականության մեջ:
Զոհվածների ընտանիքների, փրկարարների եւ ողբերգական այն օրերի հերոսների մասնակցությամբ հիշատակի միջոցառումները տեղի կունենան ազգային հուշահամալիրում, որը բացվել է համաշխարհային պատմության մեջ խոշորագույն ահաբեկչական գործողության 10-րդ տարելիցի կապակցությամբ:
Այն վայրը, որտեղ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի առավոտյան փլուզվեցին Առեւտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ աշտարակները, որն ավելի ուշ հայտնի դարձավ որպես «գրաունդ զիրո», ողբերգությունից հետո միայն 12 տարի հետո է նոր ուրվագծեր ստանում, սակայն կառուցապատման նախագիծը, որը ներառում է հինգ նոր երկնաքեր, 9/11 հուշահամալիրը եւ թանգարանը, տրանսպորտային թերմինալ եւ համերգասրահ, մինչ այժմ չի ավարտվել:
Երեկոյան Նյու Յորքի երկնքում կհայտնվեն լույսի երկու վիթխարի ճառագայթներ, որոնք կխորհրդանշեն կործանված զույգ աշտարակները, դրանք տեսանելի կլինեն Մանհեթենից 50 կիլոմետր հեռավորության վրա եւ կանհետանան լուսաբացին:
Սկսած 2002 թվականից, սեպտեմբերի 11-ը Միացյալ Նահանգներում նշվում է որպես Հայրենասերի օր, իսկ 2009 թվականից այդ օրը նաեւ ստացել է հայրենիքին ծառայելու եւ հիշատակի համազգային օրվա կարգավիճակ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո երկրում սահմանված արտակարգ դրության գործողությունը: Համապատասխան ծանուցագիրը նախօրյակին ուղարկվել է ԱՄՆ-ի Կոնգրես:
«Ահաբեկչական սպառնալիքը, որի պատճառով 2001 թվականի սեպտեմբերի 14-ին արտակարգ դրություն հայտարարվեց, պահպանվում է,- ասված է ԱՄՆ-ի Կոնգրեսին Օբամայի ուղերձում, որը տարածել է Սպիտակ տունը:- Ուստի ես անհրաժեշտ համարեցի, որ արտակարգ դրության գործողությունը շարունակվի նաեւ 2013 թվականի սեպտեմբերի 14-ից հետո»: Արտակարգ դրության սահմանումը օրենքով լրացուցիչ մի քանի լիազորություններ է տալիս նախագահին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում