Դ. Բաբայան. «Ադրբեջանը նոր «սև ցուցակ» բացելու առիթ ունի»
Նմանատիպ
Արցախի Հանրապետության համագործակցությունը միջազգային հայտնի բրենդների ու ընկերությունների հետ լավ առիթ է Ադրբեջանի համար ավելացնելու իր «սեւ ցուցակների» քանակը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հայկական երկրորդ հանրապետությունը բազմաթիվ բրենդների հետ համագործակցելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում եւ կշարունակի ձեռնարկել: «Քանի որ Ադրբեջանի սիրտը կարող է պայթել, մենք չենք ուզում հրապարակել բոլոր այդ ընկերությունների ցանկը: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է մի նոր «սեւ ցուցակ» պատրաստի, այս անգամ արդեն ոչ թե ֆիզիկական, այլ իրավաբանական անձանց համար, այսինքն` բոլոր այդ ընկերությունների, ֆիրմաների եւ այլն»,- նշեց Բաբայանը՝ Ադրբեջանին առաջարկելով մի «սեւ ցուցակ» էլ պատրաստել պետությունների համար: Լրատվամիջոցներն այսօր տեղեկություններ են տարածել այն մասին, որ իտալական ընկերություններից մեկը պատրաստվում է Արցախի Հանրապետությունում Versace աշխարհահռչակ հագուստի բրենդի համար պատվերներ իրականացնել: Այդ լուրն Ադրբեջանում հերթական վայնասունն է առաջացրել, հնչել են իտալական այդ ընկերության արտադրանքը բոյկոտելու կոչեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում