«Armenian Power» հանցավոր խմբավորմանը հարող ութ ամբաստանյալներ ընդունել են իրենց մեղքը. ՀԴԲ
Նմանատիպ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գործող «Armenian Power» հանցավոր խմբավորման չորս անդամներ և ևս չորս անհատներ ընդունել են իրենց մեղքը ավազակային հարձակումների, բանկային խարդախության, ինքնության տվյալների գողության և մի շարք այլ հանցանքների մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) պաշտոնական կայքը, սեպտ եմբերի 10-ին իրենց մեղավոր ճանաչած ամբաստանյալները, 2011 թվականին ևս 62 անձանց հետ մեղադրվել էին հանցավոր գործունեություն ծավալելու մեջ, ինչի արդյունքում 2 միլիոն դոլարի վնաս էր պատճառվել:
«Իրենց մեղքն ընդունած ութ ամբաստանյալները ամենատարբեր դերակատարություն են ունեցել «Armenian Power»-ի ծավալած հանցավոր գործունեությունում’ բանկային խարդախության, թմրամիջոցների տարածման, ինքնության և մուտքի քարտերի կեղծման և հրազենի ապօրինի տնօրինման մեջ»,- նշվում է ՀԴԲ-ի հայտարարության մեջ:
ԱՄՆ Կալիֆորնիայի շրջանային դատավոր Դին Պրեգերսոնի առաջ իրենց մեղավոր են ճանաչել երեսուներկուամյա Կարո Երկանյանը (102 տարվա ազատազրկում), երեսունչորսամյա Արման Թանգաբեկյանը (52 տարի), երեսունվեցամյա Արթուր Փեմբեջյանը (20 տարի), երեսունհինգամյա Ռեյմոնդ Թարվերդյանը (50 տարի), երեսունութամյա Սիմոն Անտոնյանը (2 տարի), երեսունիննամյա Խաչատուր Առաքելյանը (2 տարի), քսանիննամյա Վարդինե Անանյանը (30 տարի) և երեսուներկումյա Ադամ Դավուդյանը (20 տարի):
Մեղադրյալներն իրենց սահմանված պատիժը կկրեն 2013 թվականի նոյեմբերի 25-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում