Բաքվում պետական դավաճանի մի պատմություն…
Նմանատիպ
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սեպտեմբերի 11-ին թալիշական փոքրամասնության «Թոլըշի սադո» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի դեմ դատական նիստը վերածվել է բողոքի ցույցի: Դրա համար պատճառ է դարձել պետական մեղադրող Թուրալ Մամեդովի պահանջը’ թալիշ խմբագրին 6 տարի ժամկետով ազատազրկման ենթարկելու մասին:
Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալութոյւնը, դատախազը հայտարարել է, որ դատական հետաքննությունն ապացուցել է «պետական դավաճանություն, ազգամիջյան երկպառակություն եւ թմրանյութերի ապօրինի վաճառք իրագործելու» մեջ Հիլալ Մամեդովի մեղքը:
Դատախազի խոսքով’ Հիլալ Մամեդովը դեռ 1992 թ-ին է հավաքագրվել իրանական հատուկ ծառայությունների կողմից’ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ անկախության դեմ գործունեություն ծավալելու համար, եւ որ վերջինս 1993 թ-ի ամռանն ակտիվորեն աջակցել է Թալիշ-Մուղանական հանրապետություն հռչակելու գործին, իսկ դրա տապալումից հետո’ փախել Սանկտ Պետերբուրգ: Դատախազի ելույթն ուղեկցվել է դահլիճից հնչած զայրույթով լի առարկություններով’ «դա սուտ է», «դա ճիշտ չէ»:
Դատախազի այն պնդումը, թե Հիլալ Մամեդովը կապերի մեջ է Ռուսաստանի հայկական համայնքի հետ, վերջնականորեն հունից հանել է դահլիճում գտնվողներին: Ամբողջ դահլիճը ոտքի է կանգնել եւ դատախազի հասցեին մեղադրանքներ հնչեցրել’ Հիլալ Մամեդովին զրպարտելու եւ թալիշ ժողովրդին վիրավորելու մեջ: «Սա ազգային խտրականություն է, սա սադրանք է»,- բացականչել է ամբողջ դահլիճը:
Տեսնելով դահլիճի զայրույթը, դատախազը փախել է, նրա հետեւից դահլիճը լքել են նաեւ դատավորները: Դահլիճում հավաքվածներին ավելի է բորբոքել այն, որ իրավապահները բռնությամբ դատարանի դահլիճից տարել են Հիլալ Մամեդովին:
Դատարանն ավելի ուշ վերականգնել է դատալսումը: Փաստաբանների ելույթները նշանակված են սեպտեմբերի 25-ին: Հիլալ Մամեդովի փաստաբան Ռամիզ Մամեդովն անհամաձայնություն է հայտնել դատախազի ելութի առնչությամբ’ անվանելով այն աբսուրդ, իսկ նրա կողմից առաջադրված մեղադրանքները’ մտացածին:
Թալիշ հասարակական գործիչ Հիլալ Մամեդովը թմրանյութեր պահելու մեղադրանքով ձերբակալվել է 2012 թ-ի հունիսի 21-ին: Հետո նրան մեղադրանք է առաջադրվել հայրենիքի դավաճանության եւ ազգամիջյան երկպառակություն բորբոքելու հոդվածներով: Amnesty International կազմակերպությունը Հիլալ Մամեդովին «խղճի դատապարտյալ» է ճանաչել:
Բռնապետական Ադրբեջանի իշխանությունները թալիշ գործչի դեմ գործունեությունը սկսել են այն բանից հետո, երբ վերջինս իր հիմնած «Թոլըշի սադո» թերթում Ադրբեջանում թալիշների ազգային իրավունքները պաշտպանող բովանդակությամբ հոդվածներ է հրապարակել: Ոչ պաշտոնական տվյալներով’ Ադրբեջանում’ հիմնականում հարավային Լենքորանի շրջանում, մոտ մեկ մլն թալիշ է բնակվում: Թալիշները իրանական ծագումով պարսկալեզու ժողովուրդ են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում