Քուրդը ցավում է 1915-ի կոտորածի համար
Նմանատիպ
Թուրքիայի քրդական տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրի Սուր թաղամասում բացվել է «Համընդհանուր զղջման» հուշարձան: Բացման արարողությանը թաղապետ Աբդուլա Դեմիրբաշը բոլոր քրդերի անունից ներողություն է խնդրել հայերի և ասորիների ցեղասպանությունների համար: «Մենք’ քրդերս, մեր նախնիների անունից ներողություն ենք խնդրում 1915 թվականին հայերի և ասորիների ցեղասպանությունների համար: Մենք կշարունակենք մեր պայքարը նրանց մեղքերը քավելու և փոխհատուցելու համար»,- նշել է Դեմիրբաշը: Ինչպես հաղորդում է «Armenian Weekly» շաբաթաթերթը, նա կոչ է արել թուրքական իշխանություններին ներողություն խնդրել և անել ամենն ինչ իրենց մեղքը քավելու համար: «Մենք հրավիրում ենք նրանց քայլ կատարել այս ուղղությամբ»,- հայտարարել է նա:
Անզելե այգում կանգնեցված «Համընդհանուր զղջման» հուշարձանի վրա վեց լեզուներով արձանագրություն է քանդակված: «Ցավը միասնաբար բաժանեցինք, որ մեյ մըն ալ չպատահի»,- ասվում է արձանագրության հայերեն հատվածում: Ըստ Դեմիրբաշի’ այն նվիրված է Թուրքիայում բնակվող հայերին, հրեաներին, ասորիներին, ալևներին, եզդիներին և սուննի մուսուլմաններին, ովքեր ցեղասպանության տարիներին դեմ էին դուրս եկել համակարգին: Հուշարձանը նվիրված է բոլոր ժողովուրդներին և կրոնական խմբերին, որոնք կոտորվել են այս հողում: «Համընդհանուր զղջման» արձանը կանգնեցվել է ոգեկոչելու և դատապարտելու 1915 թվականին իրականացված կոտորածները»:
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Դիարբեքիրի Սուր շրջանի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, Դեմիրբաշի փոխքաղաքապետ Հաֆիզե Իփեքը, հայազգի գրող Մգրդիչ Մարգոսյանը և այլ անձիք: Մարգոսյանը հույս է հայտնել, որ այսուհետ Թուրքիայում տարբեր ազգերի ներկայացուցիչները խաղաղ կապրեն: «Այս թաղամասում արդեն գյավուրներ չկան: Սակայն թաղամասը շարունակվում է այդպես անվանվել’ Գյավուրների թաղամաս: Հույս ունեմ, որ այս թաղամասերում գյավուրներն էլ քրդերի, թուրքերի, հայերի, մուսուլմանների, եզդիների հետ միասին կապրեն ձեռք ձեռքի տված»,- ասել է նա:
Ելույթով է հանդես եկել և ներողություն խնդրել Դիրաբեքիրի հոգևորականների ասոցիացիայի ղեկավար Զահիթ Չիվթկուրան:
Հուշարձաններից մեկն իրենից ներկայացնում է կրակի մեջ ընկած գիրք, որի վրա պատկերված է լացող աչք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում