Ձախողվել է զինյալների կողմից ծրագրված պայթյունը Սիրիայի Բուսրա քաղաքում
Նմանատիպ
Սիրիայի կառավարական ուժերը կանխել են զինյալների կողմից ծրագրված պայթյունը Բուսրա քաղաքում և ոչնչացրել նրանց պատկանող թաքստոցները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումների հետևանքով սպանվել և վիրավորվել են մեծ թվով զինյալներ: Սիրիայի ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ կառավարական ուժերը ոչնչացրել են պայթուցիկ սարքավորումներով բեռնված մի մեքենա’ մինչ Բուսրա քաղաք մտնելը. արդյունքում սպանվել է մեքենայի վարորդ մահապարտ-ահաբեկիչը: Խաղաղ բնակիչներից, բարեբախտաբար, տուժողներ չեն եղել:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ բախումների հետևանքով մեծ թվով զինյալներ են սպանվել նաև Շեյխ Մաքսին, Նաջիհ, Շեյխ Սաադ, Դաիլ գյուղերում, առգրավվել են նրանց զնեքերը:
Բախումները շարունակվում են նաև Դամասկոսի մոտակայքում գտնվող Մալուլա քաղաքում, որտեղ Սիրիայի զինված ուժերը ոչնչացրել են զինյալներին պատկանող մեծ քանակությամբ զենք, սպանվել են «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման անդամներ:
«Ալ Ջազիրա»-ն իր հերթին տեղեկացնում է, որ Սիրիայի ազատ բանակը սեպտեմբերի 16-ի առավոտյան Դամասկոսի միջազգային օդանավակայանի ճանապարհին՝ Շաբաա քաղաքի մոտակայքում, սիրիական բանակին պատկանող ռազմական տեխնիկա է ոչնչացրել, ինչպես նաև սպանվել են մեծ թվով զինվորներ:
Աղբյուրի տեղեկացմամբ’ Սիրիայում սեպտեմբերի 15-ին 87 մարդ է զոհվել հիմնականում Հալեպում, Դամասկոսում և Դարաայի շրջանում:
ՄԱԿ-ի տվյալներով’ 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում