Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել կրկին ձերբակալել Դինքի սպանության հանցակից Էրհան Թունջելին
Նմանատիպ
Ստամբուլի Ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում սեպտեմբերի 17-ին Հրանտ Դինքի սպանության վերսկսված դատավարության առաջին նիստի ժամանակ որոշում է կայացվել կրկին ձերբակալել Դինքի սպանությանը մասնակցելու մեջ մեղադրվող Էրհան Թունջելին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը:
Դատական նիստին ներկա են եղել ցմահ ազատազրկված Յասին Հայալը, ազատության մեջ գտնվող կասկածյալ Հացը Սալիհօղլուն: Դատարանն ընդունել է բոլոր կողմերի ներկայացրած փաստաթղթերը’ Թուրքիայի վճռաբեկ դատարանի կողմից 2012 թվականի հունվարի 17-ին ընդունած վճռի կետը բեկանելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար: Դատական նիստը հետաձգվել է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 3-ը:
Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ին’ «Ակոս» թերթի խմբագրատան առջեւ: Նրա հուղարկավորության օրը հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ’ «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ ենք» կարգախոսներով: 2012 թ-ի հունվարի 17-ին Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր է ճանաչել հանցագործությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ եւ ցմահ ազատազրկման դատապարել: Օգյուն Սամասթը սպանություն իրագործելու պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է, որ սպանությունը կազմակերպված հանցագործություն չէ, եւ հանել էր ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ կասկածվող 19 անձանց ներկայացված մեղադրյանքները: Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները բողոքարկել էին թուրքական դատարանի կայացրած ամոթալի վճիռը, ինչի արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թվականի մայիսի 15-ին բեկանել է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանի 2012 թ-ի հունվարի 17-ին ընդունած վճռի այն կետը, որում նշվել է, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «զինված ահաբեկչական կազմակերպություն» կանգնած չէ: Թուրքիայի Վճռաբեկ դատարանի 9-րդ քրեական վարչությունը Հրանտ Դինքի սպանության գործով բողոքարկման վերաբերյալ հրապարակած վճռում նշել է, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «զինված ահաբեկչական խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են:
Թուրքական դատարանն ավելի վաղ արդարացրել էր Դինքի մահվան մեջ մեղադրվող Էրհան Թունջելին և ազատ էր նրան արձակել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում