Հայաստանում նախատեսվում է ստեղծել գլխուղեղի անոթային հիվանդությունների մասնագիտացված տարածաշրջանային կենտրոն

«Կաթվածի բուժումը» խորագրով երկօրյա գիտաժողովը միավորել է ԱՄՆ-ի եւ Հայաստանի առաջատար մասնագետներին: Երեւանի պետական բժշկական համալսարանում մեկնարկած գիտաժողովի նպատակն է միջազգային առաջատար փորձի ներդրմամբ Հայաստանում կիրառել գլխուղեղի անոթային բոլոր հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր գոհունակությունը հայտնեց այս գիտաժողովի միջոցով չափազանց կարեւոր գործի շարունակությունն ապահովելու համար: Նախարարի գնահատմամբ’ ոլորտում առկա ձեռքբերումներից մեկն այն է, որ ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրում 2010 թվականի Ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկան տարածաշրջանում իր հագեցվածությամբ, բարձրակարգ մասնագետներով համապատասխանում է միջազգային չափանիշներին:

«Կլինիկայի բացմամբ ոլորտում կատարվեցին առաջին քայլերը: Անցած երեք տարիների ընթացքում գլխուղեղի արյան զեղումներով հիվանդներն այստեղ արդյունավետ բուժում են ստանում»,- նշեց նախարարը’ շնորհակալություն հայտնելով նաև Ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանին Հայաստանում նյարդավիրաբուժության ոլորտում ունեցած իր ավանդի համար: Դումանյանը կարևորեց նաեւ այն, որ Հայաստանում հասանելի են նաև անհրաժեշտ դեղամիջոցները:

Առողջապահության նախարարը տեղեկացրեց առաջիկայում Հայաստանում գլխուղեղի անոթային բոլոր հիվանդությունների մասնագիտացված տարածաշրջանային կենտրոն ստեղծելու ծրագրի մասին:

Ռուբեն Ֆանարջյանը ներկայացրեց ոլորտում առկա հաջողոթյուններն ու ձեռքբերումները, հույս հայտնեց, որ գիտաժողովը արդյունավետ կլինի եւ կնպաստի ոլորտի զարգացմանը:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշեց, որ «Կաթվածի բուժումը» խորագրով գիտաժողովը նոր լիցք կհաղորդի, քանի որ գիտաժողովի շրջանակում քննարկվելու են գլխուղեղի կաթվածին վերաբերող բոլոր փուլերը’ առաջնային կանխարգելումը, վիրահատական միջամտությունը, հետվիրահատական շրջանը: Գլխուղեղի կաթվածը մահացության եւ հաշմանդամություն առաջացնող հիմնական հիվանդությունների թվում է ամբողջ աշխարհում: Համաձայն վիճակագրության’ Հայաստանում տարեկան 5000 հիվանդներից 50 տոկոսի մոտ գլխուղեղի կաթվածն ունենում է մահված ելք, ինչն էլ գիտաժողովի մասնակիցների գնահատմամբ’ Հայաստանում ոլորտում առկա միջազգային փորձի ներդրումը կենսական անհրաժեշտություն է դարձնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում