Պրահայի Պիսեցկա Բրանա մշակութային կենտրոնում Հայկական երեկո է անցկացվել
Նմանատիպ
Պրահայի Հրադչանի թաղամասի Պիսեցկա Բրանա մշակութային կենտրոնում Ավագների ակումբի համար նախատեսվող միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել Հայկական երեկո: Միջոցառման ներկաներին նախ ողջունել է Պորտե կազմակերպության ղեկավար Վլադանա Ռիդլովան‚ ապա հայ երիտասարդներ Վարինե Մկրտչյանն ու Վահե Ասատրյանը ներկայացրել են Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին տեղեկատվական տեսաշար‚ որպեսզի ներկաները պատկերացում կազմեն‚ թե որտեղ է գտնվում Հայաստանը‚ ի՞նչ լեզու ու մշակույթ ունի‚ ովքե՞ր են հայտնի հայերը կամ ի՞նչ հայկական հաստատություններ կան Չեխիայում։
Այնուհետեւ ներկաներին ողջունել են Պրահա 6-ի փոխքաղաքապետ Պետր Այեբուան‚ եւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Պարոն Այեբուան նախ հիշել է իր դպրոցական տարիները‚ որ երկու տխուր հիշողություն է մնացել հայ ժողովրդի մասին։ Մեկը Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը‚ որին զոհ են գնացել 1,5 միլիոն հայեր‚ մյուսը’ 1988 թվականի երկրաշարժը‚ որից հետո Չեխիայում իսկական օգնության ալիք էր բարձրացել եւ այն ժամանակ իրենց դպրոցում հագուստներ եւ հիգենայի այլ ապրանքներ էին հավաքում Հայաստան ու? ?արկելու համար։
Դեսպան Տիգրան Սեյրանյանն էլ չեխերենով ողջունել է նման ձեռնարկի իրականացումը եւ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին‚ նշելով‚ որ Պրահա 6-ում է գտնվում ոչ միայն Հայաստանի դեսպանությունը‚ այլեւ շատ հայեր ապրում են այս շրջանում։ Նրա կարծիքով նման ձեռնարկները կնպաստեն հայ եւ չեխ ժողովուրդների մերձեցմանը‚ քանի որ երեկոյի ընթացքում ելույթ ունեցողները նաեւ կփորձեն հայկական մշակույթը ներկայացնել։ Դեսպանը հույս է հայտնել նաեւ‚ որ միգուցե ապագայում Երեւանի որեւէ շրջանի եւ Պրահա 6-ի միջեւ ստեղծվեն բարեկամական կապեր։
Այնուհետեւ Կոմիտասյան «Կռունկի» կատարմամբ հանդես է եկել եւ ներկաներին գերել Վարինե Մկրտչյանը։ Երեկոն շարունակել է «Մուզիկա պոետիկա» երգչախումբը’ Էվժեն Կինդլերի գլխավորությամբ կատարելով հայկական հոգեւոր շարականներ‚ ինչպես նաեւ հատվածներ հայկական պատարագից։ Երգչուհի Ալվինա Աղաջանյանն էլ արժանացել է ներկաների ջերմ ընդունելությանը «Մոկաց հարսներ» եւ «Մենք ենք սարերը մեր» երգերի կատարումներով։ Այնուհետեւ սցենարիստ եւ ռեժիսոր Մարտին Մահդալը ներկաներին ցուցադրել եւ պատմել է Հայաստան եւ Արցախ կատարած իր ճանապարհորդություններից‚ հատվածներ ներկայացնելով ոչ միայն այսօրվա երեւանցիների սովորույթներից‚ այլեւ «տեղափոխվել» է Գորիս‚ «շրջել» քարանձավներով‚ պատմել է Տաթևի ճոպանուղու մասին’ հաղորդելով հետաքրքիր տեղեկություններ։ Երեկոն եզրափակել է Վարինե Մկրտչյանը’ ներկաներին զարմացնելով նաեւ չեխական ժողվրդական երգի կատարմամբ։
Երեկոն կազմակերպել էին «ՊՈՐՏԵ» հասարական կազմակերպությունը եւ «ՕՐԵՐ» եվրոպական անկախ ամսագիրը’ Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Պրահա 6-ի քաղաքապետրանի բարձր հովանավորությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում