Իլինոյս նահանգի Հայ դատի հանձնախումբը հանդիպել է կոնգրեսական Բրեդ Շնայդերի հետ’ ամերիկահայությանը հուզող խնդիրներ քննարկելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայ դատի ներկայացուցչական խումբը գլխավորել են նախագահ Քեն Խաչիկյանը և Իլինոյսի մասնաճյուղի նախագահ Կլոդ Օհանեսյանը:
«Կոնգրեսական Շնայդերը ականջալուր էր մեզ հուզող հարցերին, և մենք շնորհակալ ենք նրան հիանալի հանդիպման համար: Ծանոթացնելով ամերիկահայության խնդիրներին’ մենք հույս ունենք շարունակական և սերտ հարաբերություններ հաստատել նրա հետ»,- նշել է Օհանեսյանը:
Հանդիպմանը գլխավորապես քննարկվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին և Սիրիայում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Հայկական պատվիրակությունն իր մտահոգություններն է հայտնել պատերազմի գոտում գտնվող հայերի և բոլոր սիրիացիների անվտանգության վերաբերյալ: Նաև անդրադարձ է կատարվել Արցախի անկախության 25- ամյակին և ինքնորոշմանը, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը Կովկասում:
Կոնգրեսական Շնայդերին, ով Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, ներկայացվել են Թուրքիայում քրիստոնյաների ունեցվածքը վերդարձնելու և Հայաստանին հատկացվելիք արտաքին օգնության խնդիրները:
Օգոստոսին և սեպտեմբերին Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպել ԱՄՆ կոնգրեսականների հետ’ նրանց փոխանցելով և ծանոթացնելով ամերիկահայությանը և ողջ հայությանն առհասարակ հուզող խնդիրներ: Վերջին հանդիպումը կայացել էր Մասաչուսեթսից ընտրված կոնգրեսական Նիկի Ցոնգասի հետ, ով եղել է ամերկահայությանը մտահոգող հարցերի պատրաստակամ աջակիցներից, պարբերաբար այցելել է թե’ Կոնգրեսում, թե’ Մասաչուսեթսում կազմակերպված հայկական միջոցառումներին: