Ալիեւի քարոզչական արշավը հասել է դպրոցներ
Նմանատիպ
Նախագահական ընտրություններում երրորդ անգամ թեկնածությունն առաջադրած, Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւի քարոզչական արշավը հասել է դպրոցներ: Հոկտեմբերի 9-ին տեղի ունենալիք այդ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Բաքվի, Սումգայիթի եւ երկրի այլ շրջանների դպրոցներում աշակերտներին Իլհամ Ալիեւի 2003-2013թթ.-ի գործունեությանը նվիրված գրքույկներ են բաժանվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Թուրան» լրատվական գործայկալությունը, գրքույկները բարձր տպագրական մակարդակով հրատարակել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը: Գրքույկի տպաքանակի եւ հրատարակչության մասին տեղեկություններ չկան: Սակայն, անկասկած, խոսքը գնում է ոչ պակաս 100 հազար օրինակի մասին, քանի այն արդեն ստացել են 1-12 դասարանների բոլոր աշակերտները:
Ադրբեջանի ընդդիմության եւ ժողովրդավարական ուժերի «Ազգային խորհուրդ» դաշինքում այդ գրքի տարածումը դպրոցներում գնահատել են չարաշահում, այն է’ գործող նախագահի օգտին պետության հաշվին իրականացվող լայնածավալ նախընտրական արշավ:
Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունում գտնում են, որ գրքույկը պատմում է ոչ թե թեկնածուի, այլ նախագահ Իլհամ Ալիեւի գործունեության մասին, եւ հարմարեցված է ոչ թե ընտրություններին, այլ նոր ուսումնական տարվան: Գրքույկն անվանվել է «2003-2013. նապատակները, զարգացումը, արդյունքները»:
Գիրքը, որը պատմում է Ադրբեջանում այդ տարիներին իրագործված եւ իրագործվող սոցիալ-տնտեսական եւ պետական բոլոր ծրագրերի մասին, խիստ քաղաքականացված է, իսկ ձեռք բերված բոլոր արդյունքները վերագրվում են բացառապես Իլհամ Ալիեւին: 146 էջանոց գրքույկում գործող նախագահի անունը կրկնվում է 31 անգամ, նրա լուսանկարը զարդարում է 35 էջ: Գրքում նշվում է, որ վերջին տասը տարիներին (Իլհամ Ալիեւի նախագահության), օրինակ’ Սումգայիթում համախառն արտադրանքն աճել է 1,5 անգամ, արդյունաբերական արտադրությունը’ 2,8 անգամ, միջին ամսական աշխատավարձը’ 6,9 անգամ: Անտեղ բերված է նաեւ կասկածելի վիճակագրություն այդ տարիներին բացված աշխատատեղերի մասին: Նշվում է, որ վերջին 10 տարիներին Սումգայիթում 47 հազար 716 նոր աշխատատեղ է բացվել, որոնցից 31 հազար 36-ը’ մշտական: Բայց Ադրբեջանի պետվիճկոմի համաձայն’ 2005-2011թթ.-ին շինարարական կազմակերպություններում աշխպատողների թիվը 1794-ից կրճատվել է մինչեւ 1039, արդյունաբերական ձեռնարկություններում’ 16 հազար 399-ից 13 հազար 733: Նշված ժամանակահատվածում Սումգայիթում գործունեությունը դադարեցրել են 19 արդյունաբերական ձեռնարկություններ: Պետվիճկոմի տվյալներով’ 2005թ.-ին Սումգայիթի արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողները ստացել են աղքատիկ աշխատավարձ’ ամսական միջին հաշվով 105 մանաթ: 2011 թ.-ին այդ ցուցանիշը հասել է 337 մանաթի:
Նախընտրական շրջանում Ադրբեջանում պետական միջոցներով հրատարակվել եւ արդեն սկսել է տարածվել նաեւ «Հարավային Կովկասի ծագող արեւը. Ադրբեջանը Իլհամ Ալիեւի ժամանակաշրջանում» գիրքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում