ԱԻ նախարարությունը կհամագործակցի Միացյալ Թագավորության հետ

ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվզի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպմանը ողջունելով հյուրերին’ նախարար Արմեն Երիցյանը ներկայացրել է նախարարության կառուցվածքը, առաքելությունը, իրականացված ծրագրերն ու միջազգային համագործակցությունը։ Խոսելով նախարարության ձեռքբերումների մասին’ Արմեն Երիցյանը նշել է, որ վերջերս նախարարությանը հատկացվել է Ստեփանավանի օդանավակայանը, որի գործարկման շնորհիվ կբարձրանա երկրի ներսում և արտերկրում փրկարարական աշխատանքների իրականացման արդյունավետությունն ու օպերատիվությունը: Որպես նախարարության կարևոր ձեռքբերումներից մեկն ԱԻ նախարարն առանձնացրել է նախարարության համակարգում հաշմանդամ աշխատակիցների ներգրավումը:

«Մենք պատրաստ ենք համագործակցության, ինչպես նաև կիսվելու մեր ունեցած փորձով ու գիտելիքով։ Ոչ մի երկիր, որքան էլ հզոր լինի, չի կարող միայնակ պայքարել խոշոր աղետի դեմ։ Մեր նախարարությունը բոլոր գործընկեր երկրների համանման կառույցների, ինչպես նաև դեսպանատների հետ պահպանում է ջերմ, բարեկամական հարաբերություններ և պատրաստ է բազմակողմանի համագործակցության նաև Միացյալ Թագավորության դեսպանության հետ»,- նշել է նախարարը:

Դեսպան Էյվզը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, վստահեցրել է, որ Միացյալ Թագավորության դեսպանատունը պատրաստ է ընդլայնելու նախարարության հետ համագործակցությունը և բաց է առաջարկների համար: «Արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջադեմ է ու դինամիկ զարգացող։ Իմ գործընկերները բավական դրական տպավորություններ ունեն Ձեր նախարարության և առաջին հերթին’ Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքներից, ինձ համար շատ կարևոր է, որ ձեր կառույցում աշխատանքի են ընդունում սահմանափակ կարողություններով մարդկանց։ Վստահ եմ, որ կունենանք բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ, որոնց ընթացքում կճշգրտենք մեր համագործակցության եզրերը»,- նշել է պարոն Էյվզը:

Հանդիպման ընթացքում դեսպան Էյվզը ԱԻ նախարարին է ներկայացրել Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Նիք Ուիլքսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում