Հարավային Օսիան նշում Է Անկախության օրը
Նմանատիպ
Հարավային Օսիան սեպտեմբերի 20-ին նշում Է իր գլխավոր պետական տոնը՝ Անկախության օրը: 1990 թվականի սեպտեմբերի 20-ին Հարավային Օսիայի ժողովրդական պատգամավորների խորհուրդը, հանդես գալով Խորհրդային Միության կազմից վրացական ԽՍՀ-ի դուրս գալու դեմ, հռչակեց Հարավօսական Խորհրդային Դեմոկրատական Հանրապետություն, որն ավելի ուշ վերանվանվեց Հարավային Օսիայի Հանրապետություն:
Հանրապետության անկախության հռչակման 23-րդ տարեդարձը նշում են ցուցահանդեսներով, համերգներով ու զորահանդեսով: Սա 20-րդ հոբելյանական զորահանդեսն Է: Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողներն առաջին անգամ Ցխինվալի գլխավոր հրապարակով անցել են 1993 թվականին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ այսօր հարավօսական զինվորական ստորաբաժանումների հետ միասին զորահանդեսին մասնակցել են հանրապետությունում տեղաբաշխված ռուսական ռազմակայանի զինծառայողները:
Հարավային Օսիայի դեմ վրացական ագրեսիայից հետո Մոսկվան 2008 թվականի օգոստոսին ճանաչեց հանրապետության, ինչպես նաեւ Աբխազիայի՝ Վրաստանի երկու նախկին ինքնավարությունների ինքնիշխանությունը: Ռուսաստանից հետո Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչել են Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն եւ Տուվալուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում