Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում հայերին հինգ պատգամավորական աթոռ է հատկացվել
Նմանատիպ
Իրաքյան Քուրդիստանի’ առաջիկա շաբաթ օրը անցկացվելիք 4-րդ խորհրդարանական ընտրություններում նախատեսված 111 պատգամավորական աթոռներից 5-ը հատկացվել է ծագումով հայերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը, 5-ական պատգամավորական տեղեր են հատկացվել նաեւ քրիստոնյաներին եւ թուրքմեններին:
Նշվում է, որ մնացած քրիստոնյաներն ու հայերը գոհունակությամբ են ընդունել քրդական խորհրդարանի ղեկավարության այդ որոշումը: Քրիստոնեական Ռաֆիդեին կուսակցության պատգամավոր Սալիմ Տոման այդ առնչությամբ ասել է, որ կարեւորը քրիստոնյաների թվաքանակը չէ, այլ այն, թե քրիստոնյա պատգամավորը ինչպիսի ակտիվությամբ կաշխատի եւ խորհրդարանում կբարձրանի քրիստոնյաների խնդիրները:
Սակայն գործակալության հետ զրույցում Իրաքի թուրքմենական ճակատի վարչական խորհրդի անդամ Այդըն Մարուֆ Սելիմը դժգոհել է, որ քրդական խորհրդարանում իրենց համար քիչ տեղեր են հատկացրել: Նրա խոսքով’ թուրքմենական կուսակցությունները Քուրդիստանում շատ են եւ պետք է ավելի շատ ներկայացված լինեն խորհրդարանում:
Բարեփոխումների շարժման ծագումով թուրքմեն փոխնախագահ Մեհմեթ Սադեթին Իլհանլըն էլ գոհունակություն է հայտնել խորհրդարանում թուրքմեններին հատկացված տեղերի քանակից: Նա ասել է, որ այդ քվոտան շատ կարեւոր է, քանի որ քուրդիստանաբնակ թուրքմենների մեծ մասը թուրքմենական կուսակցությունների օգտին չի քվեարկում, եւ եթե այդ համակարգը չմտցվեր, ոչ մի թուրքմեն չէր հայտնվի խորհրդարանում:
Իրաքյան Քուրդիստանում հայ բնակչության թվաքանակը վերջին տարիներին աճել է Իրաքի մյուս տարածաշրջաններից հայերի ներգաղթի պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում