Ալիևականը հեռուստաբանավեճի ժամանակ շիշը նետել է ընդդիմադիր թեկնածուի վրա
Նմանատիպ
Ադրբեջանի իշխանություններն այնպիսի վիճակում են, որ չեն կարողանում հանդուրժել անգամ իրենց ընդդիմախոսի 6 րոպեանոց ելույթը: Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է հոկտեմբերի 9-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում Ադրբեջանի նախագահի’ ընդդիմության եւ ժողովրդավարական ուժերի «Ազգային խորհուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին:
Սեպտեմբերի 19-ի երեկոյան Ադրբեջանի հանրային հեռուստաալիքի ուղիղ եթերում նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի ժամանակ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության իշխանամետ առաջնորդ Խաֆիզ Հաջիեւը վիրավորանքներ է տեղացել Ջամիլ Հասանլիի հասցեին եւ ջրով լի շիշը նետել նրա վրա:
«Նախագահի որոշ թեկնածուներ հանդիսանում են իշխանությունների ապակառուցողական գործունեության բաղկացուցիչ մասը: Նրանց ռազմավարությունը կայանում է այն բանում, որպեսզի իրական ընդդիմությունը մշտապես մնա թիրախում, իսկ ընտրողները ոչինչ չիմանան իրական վիճակի մասին», – ասել է Հասանլին:
ԵԱՀԿ դիտորդական առաքելության հետ հանդիպման ժամանակ Հասանլին հայտարարել է, որ այդ միջադեպի հետ կապված արդեն դիմել է ԿԸՀ եւ պատրաստվում է դիմել նաեւ դատարան:
«Ես Ազգային խորհրդի թեկնածուից վերածվել եմ ժողովրդական թեկնածուի: Հեռուստատեսության միջոցով մենք մեկ անգամ եւս հաստատեցինք, որ հիմնական եւ իրական ընդդիմություն ենք հանդիսանում», – հավելել է Հասանլին: Նրա խոսքով’ եթե Ադրբեջանում անկախ հեռուստաալիք լիներ, ապա մեկ ամսվա ընթացքում այնպիսի քարոզչություն կտաներ, որ ներկայիս վարչակարգը կփլուզվեր:
«Սա հակազգային փտած վարչակարգ է: Այս վարչակարգը հարստանում է անգամ ժողովրդի ողբերգության վրա: Ռեժիմը յուրացրել է Զաքաթալայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակիչների համար պետության հատկացրած ֆինանսական միջոցները», -ասել է ընդդիմության թեկնածուն: Նրա կարծիքով’ ներկայիս ռեժիմը ցանկանում է երկիրը վերածել Հյուսիսային Կորեայի նման կազմավորման:
Ազգային խորհրդի միասնական թեկնածուն Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունն անվանել է հակազգային: Նա հայտարարել է, որ իշխող կուսակցությունը գործում է կառավարման կոմունիստական մեթոդներով եւ երկիրը տանում է միակուսակցական համակարգի: «Այդ կուսակցությունը տեղ չունի հասարակության մեջ: Հենց որ ներկայիս իշխանությունը հեռանա, այդ կուսակվությունը կցրվի», -ասել է նա: Նրա խոսքով’ ներկայում պայքար է գնում ոչ թե ընդդիմության եւ իշխանության, այլ ազգային ուժերի եւ հակազգային ուժերի միջեւ: «Այս ռեժիմը մարդկանց դատապարտում է կաշառակերության դեռեւս լույս աշխար չեկած: Անգամ մեռնելիս’ մարդը կաշառք է տալիս գերեզմանոցում տեղի համար», -ասել է Հասանլին:
Ջամիլ Հասանլին իշխանություններին մեղադրել է տեղեկատվական տեխնոլոգիաների արտասահմանցի մասնագետներ վարձելու եւ ընդդիմությանը համացանցում հետեւելու մեջ:
Ազգային խորհրդի նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովն էլ երեկվա խայտառակ հեռուստաբանավեճի հետ կապված հայտարարել է. «Վիրավորանքներ թույլ տվող մարդկանց ընդհանրապես պետք է հեռացնել ընտրություններից: Ժամանակին Խաֆիզ Հաջիեւը սպառնացել էր կտրել Աքրամ Այլիսլիի ականջը, դրանից հետո ընտրություններին նրա մասնակցության թույլտվությունը սրբապղծություն է: Այդ սադրանքներն ընտրությունների եւ երկրում առկա ժողովրդավարության մակարդակի ցուցանիշն են»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում