Թուրքիան կարող է երբեք ԵՄ անդամ չդառնա. Էգեմեն Բաղըշ
Նմանատիպ
Հնարավոր է’ Թուրքիան երբեք Եվրամիության անդամ չդառնա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, նման հայտարարությամբ սեպտեմբերի 22-ին հանդես է եկել Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը:
Նա դարձել է նման մակարդակի առաջին թուրք քաղաքական գործիչը, ով հրապարակայնորեն խոստովանել է Բրյուսելի հետ տասնյակ տարիներ բանակցություններից հետո եվրոպական այդ կառույցին անդամակցելու Անկարայի փորձերի ձախողումը: Թուրք նախարարի կարծիքով’ ԵՄ-ին թուրքերի անդամակցել չկարողանալու պատճառը ԵՄ առանցքային անդամ երկրների’ Թուրքիայի նկատմամբ «նախապաշարմունքներով» վերաբերմունքն է: Եվրահանձնակատարները մշտապես քննադատում են Անկարային Կիպրոսի խնդրի կարագավորված չլինելու եւ մարդու իրավունքներն ու ազատությունները մշտապես խախտելու համար:
Մինչ այժմ Թուրքիայի առանցքային եվրոպական դաշնակիցը համարվել է Գերմանիան, սակայն իրավիճակն արմատապես փոխվել է այս ամառ այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոպտորեն ճնշել է ամբողջ երկրով մեկ ընթացող բողոքի ակցիաները: «Այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում, չի համապատասխանում ցույցերի անցկացման եւ խոսքի ազատության մեր պատկերացումներին», – հայտարարել է Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը:
Թեեւ կողմերից ոչ մեկը դեռ պաշտոնապես չի հայտարարել բանակցությունները խզելու մասին, սակայն դատելով Բաղըշի հայտարարությունից’ անիմաստ է մոտ ապագայում սպասել դրանց վերսկսմանը: Առավել եւս, որ Բաղըշն արդեն գծագրել է ԵՄ հետ ապագա փոխհարաբերությունների այլընտրանքային մոդելը: «Կարծում եմ, որ արդյունքում Թուրքիան կհայտնվի նույն կարգավիճակում, ինչ Նորվեգիան է. ԵՄ լիիրավ անդամ չի դառնա, բայց կմտնի միասնական եվրոպական առեւտրային տարածք»,- ասել է թուրք նախարարը:
1949 թ-ի Եվրոպայի Խորհրդի եւ 1952 թ-ից ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան եվրոպական տնտեսական ընկերակցություն մտնելու համար հայտ է ներկայացրել 1959 թ-ի հուլիսին: Հայտի քննարկմանը խանգարել է 1960 թ-ի մայիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջումը: Հետո ենթադրվում էր, որ մինչեւ 1992 թ-ը Թուրքիան եւ եվրոպական ընկերակցությունը կանցնեն համատեղ մաքսից ազատ առեւտրի: Դա եւս տեղի չունեցավ Թուրքիայում 1971 եւ 1980 թթ-երի ռազմական հեղաշրջումների պատճառով: 1989 թ-ի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը հետաձգել է Թուրքիայի հայտի քննարկումը’ պատճառաբանելով դա այդ երկրում առկա քաղաքական-տնտեսական անկայուն իրադրությամբ եւ Հունստանի ու Կիպրոսի հետ լարված հարաբերություններով:
2005 թ-ի հոկտեմբերի 3-ին Թուրքիայի եւ ԵՄ միջեւ անդամակցության բանակցություներ են սկսվել, որոնք մի քանի անգամ արդեն խզվել են: 2009 թ-ի դեկտեմբերին Կիպրոսը շրջափակել է բանակցությունները’ պահանջելով, որ Անկարան պետք է դուրս բերի զորքերը կղզու բռնազավթված տարածքից’ Հյուսիսային Կիպրոսից: 2013 թ-ի հունիսի 20-ին Գերմանիան սառեցրել է Թուրքիայի’ ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսումը, այդ երկրում տեղի ունեցած մի քանի զանգվածային ցույցերից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում