Դամասկոսի մերձակայքում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամներ են սպանվել
Նմանատիպ
Սիրիայի ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ բանակի ստորաբաժանումներից մեկը Մալուլայի Սաֆիր հյուրանոցի մոտ, ինչպես նաև Դամասկոսի գյուղերում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման հետ բախումների ժամանակ նրանց լուրջ վնասներ է պատճառել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, խմբավորմանը պատկանող զինապահոց է հայտնաբերվել և ոչնչացվել Լաթաքիայի գյուղերից մեկում: Այնտեղ տեղի ունեցած բախումների ժամանակ սպանված զինյալների թվում եղել են զինյալներ Եգիպտոսից, Իրաքից և Մարոկկոյից:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի ազատ բանակը հսկողություն է հաստատել հին Դարաայի մաքսակետի մեծ մասի, ինչպես նաև Հալեպի մի քանի գյուղերի վրա: Միևնույն ժամանակ, կառավարական ուժերը շարունակում են ռմբակոծել Դամասկոսի մի քանի թաղամասեր, նոր պայքար է սկսվել նաև Արևելյան Ղուտայի շրջանում: Կայքի տեղեկացմամբ’ Սիրիայում սեպտեմբերի 24-ին 31 մարդ է զոհվել, մասնավորապես Դարաայում և Հոմսում:
2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը, այդ թվում’ զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում