«Ազատություն» ռադիոկայանը քննադատել է Ադրբեջանի ԿԸՀ-ին
Նմանատիպ
«Ազատություն» ռադիոկայանը քննադատել է Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությանն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այն բանի համար, որ վերջիններս հայտարարել են, թե ռադիոյի ադրբեջանական ծառայությունն իբր խախտել է Ադրբեջանում ընթացող նախագահական ընտրություններում քարոզչության կանոնները:
Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, հարցի առնչությամբ ռադիոկայանի մեկնաբանության մեջ ասվում է, որ Ադրբեջանի իշխող կուսակցությունն անկախ մամուլին վախեցնելու դասական մարտավարություն է օգտագործում’ փորձելով նման կերպով վերահսկել ընտրությունների գործընթացի լուսաբանումը:
«Մենք ամբողջությամբ արդարացնում ենք ընտրությունների լուսաբանման գծով մեր գործունեությունը, քանի որ այն հավաշարակշիռ է, արդարացի եւ պրոֆեսիոնալ: Ռադիոկայանի դեմ բոլոր մեղադրանքները հիմնավորված չեն, անհեթեթ են, եւ չեն համապատասխանում ոչ մի միջազգային կոնվենցիայի», -նշված է մեկնաբանության մեջ: Նշվում է նաեւ, որ «Ազատություն» ռադիոկայանը մտադիր է ադրբեջանական իշխանությունների այդ բոլոր հարձակումների մասին հայտնել ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը:
«Ենի Ազերբայջան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ալի Ահմեդովը ԿԸՀ նամակ է ուղարկել, որում ասվում է, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հակաօրինական նախընտրական քարոզչություն է տանում: Ադրբեջանում նախագահական ընտրությունները կանցկացվեն առաջիկա հոկտեմբերի 9-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում