Թալիշական ազգային շարժման առաջնորդը հյուրընկալվել է Արցախում
Նմանատիպ
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է կարճատև այցով Ստեփանակերտ ժամանած Թալիշական ազգային շարժման առաջնորդ, հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Ալաքրամ Հումմաթովին (Հումմաթզոդա)՝ վերջինիս խնդրանքով։ Նրան ուղեկցել է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագիտության Կովկասյան կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և թալիշ ժողովուրդների բարեկամության դարավոր պատմությանը։ Երկուստեք ափսոսանքով նշվել է, որ նախնյաց թողած այդ բարի ավանդույթները վերջին տասնամյակներում հայտնի պատճառներով գրեթե մոռացության են մատնվել։
Հումմաթովի խոսքով՝ ինքը և իր շատ հայրենակիցներ ուշադրությամբ հետևում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձեռքբերումներին անկախ պետականության կառուցման ճանապարհին, ինչի համար նա շնորհավորել է Արցախի խորհրդարանի նախագահին։ «Մեր ժողովուրդը նույնպես երազում է սեփական ազգային պետություն կառուցելու մասին, ինչի իրականացմանն է ուղղված Թալիշական ազգային շարժումը»,-ասել է նա։
Հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում