Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը «նյարդերի պատերազմ» է
Նմանատիպ
Ուղիղ մեկ տարի է անցել Արցախի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանի այն հայտարարությունից, որ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման կենթարկվի հաջորդ շաբաթ, այսինքն’ 2012թ-ի հոկտեմբեր ամսին: Սակայն բազում շաբաթներ անցան, իսկ հայտարարությունը չստացավ գործնական բովանդակություն:
Օրեր առաջ Աբաշյանը նշել էր. «15 օրից օդանավը զրոյական վիճակում կլինի, այսինքն տեխնիկապես պատրաստ կլինի թռիչքներ իրականացնելու համար: Հիմա օդանավը անցնում է տեխնիկական սպասարկման տեխզննում, որը իրականացնում Է օդանավը արտադրող ձեռնարկությունը»:
Սակայն Արցախի կառավարությունը տեղեկացրեց, որ 15 կամ 20 օր հետո թռիչք դժվար թե կայանա, հարցը պետք Է քննարկվի և որոշում լինելու դեպքում՝ կհրապարակեն այն։
Այսօր РЕГНУМ գործակալությունը լուրեր էր տարածել, որ Ստեփանակերտում տեխնիկական թռիչքներ են իրականացվում’ մշակելու համար բարդ լեռնային տեղանքում թռիչքներն ու վայրէջքներն իրականացնելու հնարավորությունները’ հաշվի առնելով Ադրբեջանի հետ զորքերի կրակագծին մոտ գտնվելու վտանգը:
Հիշեցնենք, որ 2008 թ. սկսվել է Ստեփանակերտի օդանավակայանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցումը: Օդանավակայանի վերաբացումը նախատեսված էր կատարել 2011 թ. մայիսին 9-ին, սակայն, հետագայում անորոշ ժամանակով հետաձգվեց’ պաշտոնական վարկածով, զուտ տեխնիկական պատճառներով:
Սակայն չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը բազմիցս է հայտարարել, որ կխոցի Ստեփանակերտից թռչող քաղաքացիական օդանավերը: Մեր հարևան պետությունն ինչպես միշտ իրեն հարիր գործելաոճ էր որդեգրել’ ևս մեկ անգամ ցույց տալով իրական դեմքը:
2012թ-ի նոյեմբերին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Ստեփանակերտի օդնավակայանի բացման կապակցությամ նամակ էր հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին’ նշելով, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը ԼՂՀ ինքնիշխան իրավունքն է և հետապնդում է բացառապես քաղաքացիական և մարդասիրական նպատակներ’ ներառյալ մարդու այնպիսի հիմնարար իրավունքի իրացումը, ինչպիսինն է տեղաշարժի ազատությունը:
ԼՂՀ քաղաքացիական բնակչության տեղաշարժի ազատությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և այլ առանցքային միջազգային փաստաթղթերում ամրագրված մյուս իրավունքների հետ մեկտեղ շարունակաբար և կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման միջոցով:Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունները և մասնավորապես’ քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու սպառնալիքները, իր ստանձնած միջազգային պարտավորությունների լրջագույն խախտում են և հակասում են «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» դաշնագրի դրույթներին:
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին անդրադարձել էին Հայաստանում ԱՄՆ-ի և ՌԴ-ի դեսպաննները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Վերջինս նշել էր, որ Ադրբեջանն անհաջող կատակ էր արել:
Ի վերջո 2013 թ-ի փետրվարին Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովն հայտարարեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները:
Սակայն ավելի վաղ ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը հաղորդել էր, թե կառավարությունը փոփոխություններ է մտցրել «Ադրբեջանի օդային տարածքի օգտագործման կանոնների» մեջ, որոնք երկրի օդուժին իրավունք են տալիս ոչնչացնելու «երկրի տարածք ապօրինի ներխուժած ինքնաթիռները»։ Քանի որ Ադրբեջանը դեռևս չի հաշտվել իրականության հետ և մտովի Արցախը իր տարածքն է համարում, ապա Ազիմովի հայտարարությունը առոչինչ է դառնում:
Մոտենում է Ադրբեջանի նախագահական ընտրությունները և այս ժամանակահատվածում Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը նոր հարված կհասցնի առանց այն էլ հեղինակազուրկ Ալիևին: Մեկ բան պարզ է, որ Արցախը պետք է մոտ ապագայում որոշում կայացնի:
Ինչպես արդարացիորեն նշել էր «Кавказская политика» թերթը, Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը դարձել է «նյարդերի պատերազմի»:
Իսկ ու՞մ նյարդերն են ավելի ամուր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում