ԵԱՀԿ ներկայացուցիչը խորապես մտահոգված է Ադրբեջանում ազատ լրատվամիջոցների նկատմամբ թշնամական վերաբերմունքից
Նմանատիպ
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել լրագրողների նկատմամբ իրականցվող հետապնդումները: Միյատովիչի հայտարարությունը հետևել է լրագրող, խմբագիր Հիլալ Մամեդովի հանդեպ կայացված դատավճռին:
«Ես այցելել եմ Մամեդովին և այլ բանտարկված լրագրողների և այդ հարցերի վերաբերյալ իմ դիտարկումները ներկայացրել եմ Ադրբեջանի իշխանություններին 2012թ-ի նոյեմբերին Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում: Մտահոգված եմ տեսնելով այն թշնամական միջավայրը, որ կա Ադրբեջանում ազատ ԶԼՄ-ների նկատմամբ: Այն չի բարելավվել, ընդհակառակը թշնամանքն աճում է և այսօր ևս մեկ լրագրող դատապարտվել է երկարատև ազատազրկման»,- ասել է Միյատովիչը:
ԵԱՀԿ ներկայացուցիչը կոչ է արել հանել Մամեդեովի և այլ բանտարկված լրագրողների հանդեպ բերված մեղդրանքները և նրանց ազատ արձակել:
Հիլալ Մամեդովը «Թոլիշի Սադո» թերթի գլխավոր խմբագիրն է: Նրան այսօր դատապարտել են 5 տարվա ազատազրկման թմրանյութեր պահելու, դավաճանության և ատելություն քարոզելու մեղադրանքներով:
Միյատովիչը նաև մտահոգություն է հայտնել «Բիզիմ Յոլ» թերթի լրագրող Փարվիզ Հաշիմլիի և «P.S. Nota» թերթի գլխավոր խմբագիր Սարդար Ալիբեյլիի ձերբակալության առնչությամբ:
«Խորապես մտահոգված եմ ազատ ԶԼՄ-ների շուրջ ծավալվող բացասական զարգացումների առնչությամբ, հատկապես նախագահական ընտրություններին ընդառաջ»,- ասել է Դունյա Միյատովիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում