Ռակկայում իսլամիստները հանել են հայկական եկեղեցու գմբեթի խաչը և այն փոխարինել իրենց կազմակերպության դրոշով
Նմանատիպ
Թուրքիային սահմանակից սիրիական Ռակկա քաղաքում հայկական ոճով կառուցված եկեղեցին թալանվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց դամասկոսաբնակ մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը՝ ավելացնելով, որ բացի հայերից, այդ եկեղեցում աղոթում էին նաև արաբ քրիստոնյաներ: Էլմաջյանի խոսքով’ սեպտեմբերի 26-ին «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորմա ն հետ կապված «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած «Դաիշ» խմբավորման անդամները հանել են եկեղեցու գմբեթի խաչը և փոխարենը իրենց կազմակերպության սև դրոշն են դրել: Եկեղեցին նյութական վնասներ է կրել:
Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից հայտնի դարձավ նաև, որ թալանված եկեղեցին հայ Կաթողիկե Նահատակաց եկեղեցին է, որը գտնվում է Հալեպից 160 կիլոմետր արևելք գտնվող Ռակկա քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ: Բացի դրանից, գիշերը Ռակկայում բնակիչները փորձել են վերականգնել իսլամիստների կողմից տապալված խաչը:
2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ են ավերվել: Վերջերս ռմբակոծության էր ենթարկվել Դամասկոսի հայ Կաթողիկե առաջնորդարանը, վնասներ էին կրել նաեւ հայկական վարժարանների շենքերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում