Թուրքիայի դուռն այլևս թակող չկա. Քըլըչդարօղլու
Նմանատիպ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ բոլոր հարեւանների հետ հարաբերությունները վատացրած Թուրքիան դարձել է ահաբեկչություն արտահանող երկիր: Քըլըչդարօղլուն հայտարարել է Անթալիայի քաղաքապետարանում կազմակերպված «Հացը խաղաղությունից վաստակող հատված. զբոսաշրջություն» թեմայով կոնֆերանսում ունեցած ելույթում:
Թուրք գլխավոր ընդդիմադիրը քննադատել է հարեւան երկրների’ հատկապես Սիրիայի նկատմամբ թուրքական կառավարության վարած քաղաքականությունը եւ նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ իշխանությունների ագրեսիվ հայտարարությունները:
«Թուրքիայի տարածքում ցավեր եւ արցունքներ շատ եղան: Իշխանությունները ցանկացան դա հաղթահարել զբոսաշրջությամբ: Սակայն այսօրվա դրությամբ’ Թուրքիայի դուռը թակող ոչ մի հարեւան չի մնացել: Մենք բոլորին թշնամի ենք հայտարարել: Սիրիայի հետ 900 կմ երկարությամբ սահմանն այլեւս սահման չէ: Ահաբեկիչներն ազատորեն երթեւեկում են այնտեղ: Մենք վերածվել ենք ահաբեկչություն արտահանող երկրի: Եթե մենք ցանկանում ենք, որ մեզ մոտ շատ զբոսաշրջիկներ գան, ապա պետք է խաղաղություն պահպանենք եւ ներսում, եւ դրսում: Այնինչ’ անընդհատ խոսում ենք Սիրիայի դեմ պատերազմից: Նման պայմաններում’ մեզ մոտ զբոսաշրջիկ չի գա»,- ասել է նա:
Քըլըչդարօղլուն խորհուրդ է տվել իշխանություններին լսել ժողովրդի քննադատությունները: «Քննադատությունները չհանդուրժող իշխանությունը երկիրը տանում է աղետների: Նման իշխանությունը պետք է հեռանա», -հայտարարել է ԺՀԿ առաջնորդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում