Ադրբեջանը ուսանողներ չի ուղարկում ԱՄՆ`«ուղեղների լվացումից» վախենալով
Նմանատիպ
Ադրբեջանը տարեցտարի կրճատում է ԱՄՆ-ի համալսարաններում պետական բյուջեի հաշվին սովորող ուսանողների թիվը: Այսպես, 2008թ.-ին Ադրբեջանի պետբյուջեն ֆինանսավորել է ԱՄՆ-ում ուսանող 10 երիտասարդների, 2009թ.-ին’ 13, 2010թ.-ին’ 5, 2011թ.-ին’ 3 ուսանողի կրթությունը, իսկ այս տարի ուսանողներ չեն ուղարկվել:
Ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը գրում է, որ նման կրճատման պատճառն Ադրբեջանի կրթության նախարարությունը տեսնում է ուսանողների անձնական նախաձեռնության եւ ուսումնառության բարձր արժեքի մեջ: Այստեղ հայտարարում են, որ «ամերիկյան որոշ բժշկական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության տարեկան արժեքը հասնում է 100-150 հազար դոլարի, եւ այդ գումարով կարելի է Գերմանիայում 5-6 ուսանող կրթել:
Սակայն, ըստ կայքի’ փաստերը ցույց են տալիս, որ այդ բոլորը միայն պատրվակներ են: «Ադրբեջանի նախարարների խորհրդի կողմից հաստատված ամենամսյա ծախսերի ժամանակացույցով’ ԱՄՆ-ի բուհերում սովորող ուսանողի վրա ամսական ծախսը, կախված բուհից, տատատնվում է 1400-1800 դոլարի միջեւ, այն դեպքում, երբ ներկայում Մեծ Բրիտանիայում սովորող յուրաքանչյուր ուսանողի վրա պետոթյունը ամսական ծախսում է 1750 եվրո (2333 դոլար): Բայց չէ որ ԱՄՆ-ում կրթությունը, այլ երկրների համեմատ, որակապես մի քանի անգամ ավելի բարձր է»,- զարմանում է կայքը:
Կայքի հետ զրույցում բազմաթիվ փորձագետներ ԱՄՆ ուսումնառության ուղարկված ուսանողների թվի կտրուկ կրճատումը կապում են քաղաքականության հետ: «ԱՄՆ-ում կրթություն ստացած ուսանողների վերջին շրջանում հաճախակի դարձած ակտիվ մասնկացությունն Ադրբեջանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին պետության կողմից ընկալվում է որպես արտասահմանում նրանց «ուղեղների լվացման» արդյունք: Այդ պատճառով, Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես արգելք է դրել ԱՄՆ-ի համալսարանների վրա», -կայքին հայտնել են ադրբեջանցի փորձագետները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում