Սիրիայի հիմնական խնդիրը ահաբեկիչներից ազատվելն է. Բաշար ալ Ասադ
Նմանատիպ
Սիրիայի հիմնական նպատակը ահաբեկիչներից և ահաբեկչություններից ազատվելն է: Այս մասին իտալական «Ռայ Նյուզ 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նշել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը’ ավելացնելով, որ ճգնաժամը հաղթահարելուց հետո Սիրիան կդառնա ավելի լավը, քան ճգնաժամից առաջ էր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, քիմիական զենքի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի վերաբերյալ Ասադը նշել է, որ քիմիական զենքի արգելման կոնվենցիայի հետ համաձայնել է նախքան բանաձևի ընդունումը՝ հենվելով Ռուաստանի նախաձեռնությանը: Նա նաև նշել է, որ քիմիական զենքի վերացման հարցով ՄԱԿ-ը պետք է զբաղվի, և ամենադժվարը, ըստ Ասադի, քիմիական զենքի գտնվելու վայրը հասնելն է. եթե այնտեղ ահաբեկիչներ լինեն, հնարավոր է’ խոչընդոտեն գործունեությանը:
Ինչ վերաբերում է սիրիական ճգնաժամի լուծմանը, նախագահը նշել է, որ առաջին հերթին կարևոր է ահաբեկիչների հարցը լուծելը, այնուհետև’ խնդրի լուծումը քաղաքական ճանապարհով: Ասադը ապստամբներին ահաբեկիչներ է կոչել՝ նշելով, որ եթե նրանք զենք են վերցրել և մարդ են սպանել, ապա դա ընդդիմություն չէ, այլ’ ահաբեկչություն: Նա հայտարարել է, որ կարող են ճգնաժամի լուծման հարցերը քննարկել ընդդիմության հետ, իսկ ապստամբների վերաբերյալ նշել է, որ զենքը վայր դնելու դեմպքում միայն քննարկեն խնդիրները: «Անհրաժեշտ է դադարեցնել բռնությունները, ահաբեկիչների հոսքը արտասահմանից, նրանց ֆինասնավորումը: Եվ եթե մենք հասնենք հաջողության, ապա կարող ենք լուծել երկրի խնդիրները, խոսել իմ պաշտոնի մասին, և ես կենթարկվեմ սիրիական ժողովրդի կամքին: Այլ ճանապարհ չեմ տեսնում»,- եզրափակել է Ասադը:
2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում