Սիրիայի տարբեր շրջաններում մեծ թվով զինյալներ են սպանվել
Նմանատիպ
Սիրիական կառավարական ուժերը Դամասկոսի մոտ գտնվող Բրզե թաղամասում զինյալների դեմ պայքարում հաջողություններ են գրանցել. սպանվել են մեծ թվով զինյալներ, այդ թվում՝ նրանց ղեկավարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հաջողությունները շարունակվել են նաև Կաբուն թաղամասում: Ջոբար թաղամասու մ ոչնչացվել է զենքերով լի մեքենա, որտեղ սպանվել է երեք զինյալ «Լուա ալ Ֆաթհ» խմբավորումից:
Բախումները շարունակվել են Լաթաքիայի գյուղերում: Մարջ Խոխա գյուղում սպանվել են «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամները, այդ թվում՝ նրանց ղեկավարը, վիրավորվել ևս 5 անդամ:
Թալքալլախ քաղաքի մերձակայքում գտնվող Թամարաս գյուղում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել հենց իրենց զինապահոցում տեղի ունեցած պայթյունից:
Հալեպի Լիրմուն թաղամասում զինյալներին պատկանող զենքերով լի մեքենա է ոչնչացվել: Քուիրս, ալ Ջադիդա, Արաբիդ, Քասքիս, Ռասմ ալ Աբուդ գյուղերում տեղի ունեցած բախումների ժամանակ նույնպես մեծ թվով զինյալներ են սպանվել:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ 16 մարդ է սպանվել կառավարական ուժերի Ռակկա քաղաքի վրա օդային ռմբակոծության հետևանքով: Սպանվածների մեծամասնությունը ուսանողներ են: Կայքի տեղեկացմամբ’ հարձակման է ենթարկվել Հալեպի Քուիրս օդանավակայանը, որը գտնվում է հեղափոխականների ձեռքում: Դամասկոսի գյուղերում տեղի ունեցած բախումների ընթացքում կառավարական ուժերի 19 զինծառայող է զոհվել, վիրավորվել’ ավելի քան 60-ը:
2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում