Թուրքիայի ՀՕՊ համակարգը մեկուսացման վտանգի առաջ է
Նմանատիպ
ՆԱՏՕ-ն դժվար թե համաձայնվի իր համակարգին ինտեգրել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) չինական սարքավորումները, որոնք պատրաստվում է գնել Թուրքիան: Այս մասին հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթը’ հղում կատարելով Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցներին:
ՆԱՏՕ-ի կողմից այդ մերժումը թուրքական ՀՕՊ միջոցներին կզրկի մուտք գործել Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերների ալեհավաքներ եւ այլ համակարգեր: Դրա արդյունքում թուրքական հակաօդային պաշտպանական համակարգը կհայտնվի մեկուսացման մեջ, եւ Թուրքիան ստիպված կլինի ինքնուրույն ստեղծել պակասող ՀՕՊ բաղադրիչները: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գտնում են, որ նման խնդիրը Անկարան հազիվ թե կկարողանա հաղթահարել:
Today’s Zaman թերթն այդ առնչությամբ հայտնել է, որ ԱՄՆ-ը խիստ դժգոհ է Չինաստանից ՀՕՊ կոմպլեքսներ գնելու թուրքական իշխանությունների որոշումից: Թերթը մեջբերել է արեւմտյան աղբյուրների խոսքերը, որոնք հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՀՕՊ կոմպլեքսների հարցը մի քանի անգամ քննարկել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, եւ զգուշացրել այն խնդիրների մասին, որոնք կստեղծի ՆԱՏՕ-ի կազմում չգտնվող երկրների օգտին այդ ընտրությունը:
ՀՕՊ կոմպլեքսներ ձեռք բերելու հետ կապված Թուրքիայի կողմից հայտարարված հայտամրցույթում մասնակցել են նաեւ Ռուսաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ընկերությունները: Թուրքական իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ որոշել են համատեղ հակահրթիռային եւ հակաօդային կոմպլեքսներ արտադրելու մասին պայմանագիր կնքել չինական CPMIEC ընկերության հետ: Արեւմտյան մամուլը հայտնել է, որ չինական այդ ընկերությունը հայտնվել է ԱՄՆ-ի «սեւ ցուցակում» այն բանի համար, որ խախտել է Իրանին, Սիրիային եւ Հյուսիսային Կորեային զենք վաճառելու էմբարգոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում