Թուրքիայի քրդերը մերժել են Էրդողանի «Դեմոկրատացման փաթեթը»
Նմանատիպ
Թուրքաբնակ քրդերը Դիարբեքիրում տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ անցկացրած միտինգում հայտարարել են, որ «չեն ճանաչում, չեն ճանաչելու եւ մերժում են» վարչապետ Էրդողանի «Դեմոկրատական փաթեթը»: Հանրահավաքում, որն անցել է «Օջալանին ազատություն, քրդերին կարգավիճակ» կարգա խոսով, այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանում 35 պատգամավորներ ունեցող միակ քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության (BDP) առաջնորդի օգնական Մարալ Բեշթաշը:
«Իրականում այս փաթեթում քրդերի համար ոչ մի նոր բան չի առաջարկվում: Քրդերի բանտերում գտնվելը կշարունակվի, մայրենի լեզվով կրթությունը մերժվել է, ընտրական շեմը չի նվազեցվել, Իմրալի բանտում Աբդուլլա Օջալանի բանտային պայմանները չեն փոխվել, չեն կատարվել քրդական խնդրի լուծման հարցում Օջալանի առաջադրած պայմանները: Այդ պատճառով, մենք այդ փաթեթը չենք ճանաչում եւ չենք ճանաչելու»,- ասել է նա: Հայտարարությունը հավանության է արժանացել միտինգի բոլոր մասնակիցների կողմից:
Էրդողանի «Դեմոկրատացման փաթեթը» քննադատել է նաեւ քրդական Դեմոկրատական հասարակության կոնգրեսի համանախագահ Ահմեդ Թուրքը: Նշելով, որ փաթեթը շատ հեռու է հասարակության մեջ խաղաղություն եւ համաձայնություն հաստատելուց, քուրդ առաջնորդն ասել է. «Փաթեթում քրդերի հետ կապված ոչ մի նոր բան չկա: Այն ամբողջությամբ դատարկ է»:
Թուրքիայի վարչապետի հրապարակած «Դեմոկրատացման փաթեթը» անգլիական «Թայմս» թերթը ներկայացրել է «Թուրքիայում գլխաշորի արգելքի վերացումը հարված է աշխարհիկ պետությանը» վերնագրով, եւ գրել, որ գլխաշորի արգելքը Թուրքիայի հանրապետության հիմնադրումից այս կողմ աշխարհիկ սկզբունքները ներկայացնող ուժեղ խորհրդանիշ էր:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին էլ հայտարարել է, որ «դեմոկրատացման բարեփոխումը գոհացուցիչ է, սակայն, հիասթափեցնող է այն, որ այնտեղ ոչ մի խոսք չկա 1974 թ-ին փակված հունական հոգեւոր դպրոցը վերաբացելու մասին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում