«Բալես, դրա մասին մոռանալ չի լինի, դա մենք ամբողջ կյանքում կհիշենք». գաղթի գողգոթայից մինչեւ Քարվաճառ
Նմանատիպ
Գաղթական. այս բառը շատ հեշտ է արտասանել, սակայն անասելի դժվար է վերապրել: Փախստականի աչքերում մի աննկարագրելի թախիծ կա դրոմշված, մի անբացատրելի ու անհասկանալի կարոտ, թե հուշ…
Արցախի ազատագրված Քարվաճառում ապրող փախստականների աչքերում էլ կա այդ թախիծը, չնայած որ նրանք ի տարբերություն շատերի, կյանքի երկրորդ հնարավորությունը փնտրել են ոչ թե օտար հողում, այլ իրենց հայրենիքի մյուս ծայրում…
Տիկին Անթառամը ծնվել է Շահումյանի շրջանում, ամուսնացել է Դաշքեստանի շրջանի Փիփ գյուղում:
Չորս երեխա ունի:
«Ապրում էինք ամուսնուս պապենական օջախում:
Մենք ունեցել ենք չորս երեխա, երկու տղա, երկու աղջիկ: Ջահել ամուսիններով մենակ ենք եղել, մենք ենք ստեղծել մեր տունը, մեր ապրուստը: Տնտեսություն ունեինք, հողամաս ունեինք, անասուններ: Շատ լավ էինք ապրում մինչեւ 1988 թ.», իր պատմությունն է սկսում տիկին Անթառամը: Պետք է հարցնեմ գաղթի մանրամասներից, բայց մի տեսակ վախենում եմ հին վերքեր բացել ու հիշեցնել այն, ինչի մասին ավելի լավ է մոռանալ ու էլ երբեք չհիշել:
«Բալես, դրա մասին մոռանալ չի լինի, դա մենք ամբողջ կյանքում կհիշենք,-ասում է նա ու շարունակում.- Տեղաշարժերն սկսել են հենց Սումգայիթի դեպքերից հետո: Մեր գյուղերում իրավիճակը շատ լարվեց հենց 88-ի փետրվարից: Մեր շրջանում կային եւ´ զուտ հայաբնակ գյուղեր, եւ´ կիսով չափ հայերով բնակեցված գյուղեր: Մեր գյուղում թուրք չի ապրել, զուտ հայաբնակ էր:
1988 Սումգայիթի դեպքերից հետո մենք անընդհատ զանգեր էինք ստանում, մեզ սպառնում էին, որ թողնենք գյուղը, հակառակ դեպքում իրենք կմտնեին գյուղ: Այդպես շարունակվեց մինչեւ դեկտեմբեր, այսինքն, համարյա մի տարի: Տղամարդիկ բոլորը կանգնում էին սարերում, զենք չունեինք, ունեցածը մի երկու հասարակ հրացան էր»:
Տիկին Անթառամն այդ ժամանակ աշխատելիս է եղել մանկապարտեզում:
«Բոլորը երեխաները ծնողների հետ հավաքվում էին մանկապարտեզում, մի ավտոբուս միշտ պատրաստ կանգնած էր մանկապարտեզի դիմաց, որ պետք եղած ժամանակ երեխաներին հանեինք գյուղից: Մյուս կողմից էլ վախենում էինք բոլորս մի տեղ հավաքվելուց, քանի որ հնարավոր էր’ բոլորիս միանգամից կոտորեին: Ես իմ չորս երեխաներին քնեցնում էի մի մահճակալի վրա, եղան, կացին, փայտ հավաքում էի ու դնում էի դռան դեմը: Մեծ տղաս տասը տարեկան էր, փոքրս’ չորս: Մեծ տղաս մի հատ ալյումինի ձող էր գտել, ծայրերը լարերով կապել էր, երկու սուր ծայրով մի դանակի նման բան էր սարքել: Դա դնում էր բարձի տակ: Ինձ ասում էր’ մամա, որ հանկարծ գան, ինձ կհելցնես, մեկին էլ ես կխփեմ սրանով: Ասում էի’ հա բալես, դուք քնեք, ոչ մեկը չի գա, հանգիստ եղեք…»: Իր ձայնը դողում է, իմ աչքերը լցվում են արտասուքով: Ամեն անգամ այսպիսի հարցազրույց անելիս ինձ մեղադրում եմ անսրտության համար, բայց մյուս կողմից հասկանում եմ, որ այս պատմությունները պետք է գրվեն’ նոր այսպիսի սարսափները կանխելու համար:
Ինձ հավաքում եմ ու փորձում եմ շարունակել զրույցը: Պարզվում է, որ տիկին Անթառամն ու իր գյուղացիներն այսպես ահուդողով ապրել են մի մի քանի ամիս:
«Շրջանի հայաբնակ գյուղերում կոտորածներ էին, ամեն օր մի նոր բան էինք լսում, սարսափելի պատմություններ էինք լսում: Մեզ էլ ասում էին, որ դուրս գանք: Այդ ժամանակ Հայաստանից ուղղաթիռներ էին գալիս, հայ երեխաներին հանում էին գյուղերից: Երկու անգամ եկան մեր գյուղ, մեր երեխեքին էլ հանեցինք: Տեգորս առաջնեկը դեռ հազիվ մի ամսական էր, իմ չորս երեխաներին էլ տվեցինք տեգորս կնոջն ու ճանապարհեցինք Հայաստան, մեր բարեկամների մոտ:
Մեր բարեկամները բոլորը Չարենցավանում էին ապրում, եկել էին Գավառ’ երեխեքին դիմավորելու:
Այստեղ մի հուզիչ պատմություն է եղել երեխայիս հետ: Ուրեմն, փոքր աղջիկս ամբոխի մեջ կորում է: Մերոնք խառնվում են իրար, ման են գալիս էրեխուն, ասում են’ թուրքերի ձեռից ազատեցինք, հիմա հայերի մեջ ենք կորցնում: Մեկ էլ տեգրս տեսնում է, որ երկու մարդ բռնել են երեխայի ձեռքից, մեկն ասում է’ տանեմ էս մի էրեխուն էլ ես պահեմ, մյուսն ասում է’ թող էս մեկին էլ ես տանեմ, ես երեխա չունեմ: Տեգրս մոտենում է’ արցունքներն աչքերին ասում է’ մեր էրեխեն ա, ոչ մեկդ էլ մի տարեք»:
Երեխեքին ճանապարհելուց հետո իրենք դեռ մնում են գյուղում. դժվար էր սեփական ձեռքերով կառուցած տունը թողնել ու հեռանալ… Սակայն երկար մնալն արդեն անհնար էր. «Չնայած գյուղում կոտորած չկար, բայց թուրքերն արդեն գալիս էին թալանելու, մեր աչքի առաջից մեր ապրանքը տանում էին: Դիմադրելն ապարդյուն էր, իրենք շատ-շատ էին, մենք’ քիչ: Մենք գյուղից դուրս եկանք բեռնատար մեքենայով, ամբողջ գյուղն էր այդ վիճակում: Պատահական մեքենաներով էինք առաջ գնում»:
Ինչպես եւ փախստականների մեծ մասը, իրենք էլ ոչ մի բան չեն վերցրել իրենց հետ, ամեն ինչ թողել են:
«Անասուն էինք պահում այնտեղ: Մի կով ունեի, պիտի ծներ…Թուրքը որ եկավ, կապը գցեց վիզը, որ պիտի տաներ, կովը շրջվեց ու աչքից արցունք գլորվեց…25 տարի է անցել, ամեն ինչ մոռանում եմ, անցնում է, բայց էդ կովի արցունքը չեմ մոռանում: Որ մտածում ես’ անասուն ա, էդքան կարեւոր չի, փառք Աստծո, էրեխեքս անվնաս դուրս եկան գյուղից, բայց չեմ կարողանում մոռանամ…», հիշում է տիկին Անթառամն ու այս անգամ իր աչքերից են արցունքներ թափվում: Փորձում եմ շեղել ծանր թեման’ հարցնելով արդեն հայաստանյան կյանքից:
«Մենք մեծ դժվարությամբ հասանք Չարենցավան, մեր երեխաների մոտ: Այնտեղ փորձում էինք մեր անկյունն ստեղծել, աշխատանք ճարել, շատ դժվար տարիներ էինք: 1999 թ. լսեցինք, որ Քարվաճառը վերաբնակեցվում է, եւ տեղափոխվեցինք այստեղ: Տուն ստացանք, մեծ տղաս էլ ամուսնացած էր, մեծ թոռնիկս արդեն ծնվել էր: Բոլորով մի տան մեջ էինք ապրում: Այդ տարիներին Քարվաճառում ամեն ինչ շատ դժվար էր, տրանսպորտ չկար, խանութ չկար, լույս, ջուր չկար…»:
Չնայած այդ բոլոր դժվարություններին ու անհարմարություններին’ հայ մարդը տարեցտարի ամրանում է Քարվաճառում: Հենց այդ խավար ու անհույս տարիներին Քարվաճառում հայ մանուկների ճիչեր լսվեցին’ ազդարարելով, որ ապագա կա, ու ամեն ինչ կորած չէ: Քարվաճառում ծնված առաջին երեխան տիկին Անթառամի թոռնուհին է, Լիանա Մելիքյանը, ով այժմ սովորում է Քարվաճառի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում:
Տիկին Անթառամն իր ընտանիքով հաստատվել է Քարվաճառում. այստեղ տուն են ստեղծել, հողամաս ունեն, աշխատում են ու նորմալ ապրում են: Բոլոր երեխաներն ամուսնացած են, ինքն էլ երջանիկ տատիկ է:
«Ճիշտ է, ամեն օր հիշում եմ իմ կորցրած տունն ու գյուղը, բայց Քարվաճառում, փառք Աստծո, նորմալ ապրում ենք»: Մռավի այս կողմում նա գտել է իր երկրորդ հայրենիքը, իրավամբ իրեն հասանելիք այս հողակտորը….
Թամարա Գրիգորյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում