Սիրիայում ահաբեկչական հարձակումների վնասները կազմել են 16.5 մլրդ դոլար
Նմանատիպ
Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ Հալկին գնահատել է Սիրիայում շուրջ 30 ամիս շարունակվող բախումների ընթացքում պատճառված վնասները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին վարչապետը հայտնել է կառավարության նիստի ժամանակ՝ ավելացնելով, որ ահաբեկչական հարձակումների հետևանքով վնասների չափը հասնում է 16.5 միլիարդ դոլարի: Բացի դրանից, վարչապետը նշել է, որ կառավարությունը վերակառուցման նախագիծ է պատրաստում, և հնարավոր է բարեկամ երկրները վարկ տրամադրեն ծրագիրն իրականացնելու համար: Վարչապետի խոսքով’ վերակառուցման գործողություններ կսկսվեն այն ժամանակ, երբ երկրում իրավիճակն անվտանգ լինի և սկսի կայունանալ:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև հարցեր Սիրիայի տնտեսության, էներգետիկայի վերաբերյալ, առանձնակի ուշադրության է արժանացել Հալեպի խնդիրը: Նավթի և հանքային ռեսուրսների նախարար Սուլեյման Աբբասը նշել է, որ պետք է ջանքեր գործադրել Հալեպի և Հասաքեի շրջանները նավթով ապահովելու համար:
2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը: Ստեղծված իրավիճակի հետևանքով սիրիական քաղաքներն ու գյուղերը հայտնվել են ծանր իրավիճակում, միլիոնավոր սիրիացիներ լքում են երկիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում