Ալիևը մեղադրվում է մանդատի առևտրի մեծ սկանդալի մեջ
Նմանատիպ
Ֆրանսիայում վտարանդի, Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլլաեւի’ պատգամավորական մադատի առեւտրի հետ կապված վերջին տեսանյութը լուրջ իրարանցում է առաջացրել իշխանության շրջանում: Տեսանյութը տարածվել է Ադրբեջանում մեծ աղմուկ հանած «Գյուլերգեյթ» գործի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Ազադլըգ» թերթը, այդ իրարանցման պատճառն այս անգամ տեսանյութում մանդատի առեւտրում ուղղակիորեն Իլհամ Ալիեւի անունը հնչեցնելն է:
Մինչ այս տեսանյութում մանդատի առետրում նշվում էր միայն նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի անունը: Դա իշխանությանն այնքան էլ չէր անհանգստացրել, հակառակը’ իշխանության մեջ Ռամիզ Մեհտիեւի հակառակորդներն աշխատում էին թեման պահել օրակարգում: Սակայն վերջին տեսանյութը փոխել է իրավիճակը, եւ այժմ թիրախը իշխանության առաջին դեմք Իլհամ Ալիեւն է: Իրավիճակն ավելի է բարդացել, քանի որ Իլհամ Ալիեւի’ մանդատի առեւտրում գլխավոր անձ հանդիսանալու մասին վերջին տեսանյութը հրապարակվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այդ հարցն արծարծվելուց անմիջապես հետո:
Azadlignews.TV կայքի տարածած’ Էլշադ Աբդուլլաեւի աշխատասենյակում արված այդ տեսանյութում նրա հետ զրուցում է Թուրքիայում մահացած Սեւինջ Բաբաեւան, ով միջնորդ էր հանդիսացել ռեկտորի եւ մեկ միլիոն դոլար կաշառքի դիմաց նրան պատգամավորական մանդատ վաճառող իշխանությունների կողմից հանդես եկող Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գյուլեր Ահմեդովայի միջեւ: Տեսանյութում զրույցի սկզբում Էլշադ Աբդուլլաեւը նշում է, որ պատգամավորական հարցի հետ կապված կաշառքի վերջին 500 հազար դոլարը տալու համար իրեն պետք է ընդունի կամ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտի եւը, կամ էլ խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը: Սակայն զրույցի ընթացքում Էլշադ Աբդուլլաեւը կասկած է հայտնում, որ կարող է այդ մարդիկ գումարը վերցնեն, բայց գործը գլուխ չբերեն’ «գցեն իրեն»: Այստեղ Սեւինջ Բաբաեւան հավաստիացնում է վերջինիս. «Գցելու մասին խոսք չկա: Նախագահն ինքն անձամբ ասել է. Էլշադը փողը բերի դնի սեղանին: Այս երեկո պետք է հասնի: Մեռնի էլ, պետք է հասնի: Իլհամն է ասել: Սրանք մեղք չունեն: Իլհամն ասել է 3-ը ստացել եմ: Մեկ ու կեսով կփակեմ: Քանի որ անցած անգամվանից է մնացել»:
Հետո կողմերը համաձայնության են գալիս այն հարցում, որ Էլշադ Աբդուլլաեւին Ռամիզ Մեհտիեւն է ընդունելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում