Արցախի ԱԺ-ում կկայանա արցախահության ազատագրական պայքարի թեմայով միջազգային գիտաժողով
Նմանատիպ
Արցախի Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում հոկտեմբերի 4-ին կմեկնարկի «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը» խորագրով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը հրավիրվել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Արցախյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության ծրագրի շրջանակներում։ Գիտաժողովը, որի աշխատանքները կտևեն երկու օր, անց է կացվում տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հովանու ներքո։
Որպես միջոցառման համակազմակերպիչներ հանդես են գալիս Արցախի պետական համալսարանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը (Բելգիա), Լյուվենի կաթոլիկ համալսարանը (Բելգիա) և քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան։ Հրավիրված են և զեկուցումներով հանդես կգան անվանի գիտնականներ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից Բելգիայից, Հունաստանից, Կիպրոսից, Լիբանանից, աշխարհի այլ երկրներից։ Քննարկումները նախատեսված են երեք բաժանմունքներում՝ «Արցախի ազգային-ազատագրական պայքարի ակունքները: Գյուլիստանի պայմանագրի նշանակությունը», «Ազգային- ազատագրական պայքարի նորագույն փուլ՝ Արցախյան շարժում (տեսական ու գործնական hիմնահարցեր)» և «Արցախյան հիմնախնդիրը՝ գլոբալ և տարածաշրջանային քաղաքականության համատեքստում»։
Միջոցառման ավարտին նախատեսվում է նաև «կլոր սեղան»՝ «Արցախի տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով։ Ընդհանուր առմամբ, համաձայն գիտաժողովի ծրագրի, կհնչի 33 զեկույց: Զեկույցները կհնչեն հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով՝ համաժամանակյա թարգմանությամբ։ Բացի հիմնական զեկուցողներից՝ քննարկումներին կմասնակցեն նաև միջոցառմանը տարբեր երկրներից հատուկ հրավիրված պատվավոր հյուրերը, Արցախի պետական, քաղաքական, հանրային ու գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներ։
Գիտաժողովի աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է նրա մասնակիցների այցելություն Արցախի տեսարժան վայրեր։ Գիտաժողովի ընթացքին կարելի է հետևել Արցախի ԱԳՆ-ի պաշտոնական էջերում’ Facebook սոցիալական ցանցում և Twitter միկրոբլոգերի ծառայությունում Karabakhmovement25 հեշթեգով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում