Սիրիայի վարչապետը հավաստել է «Ժնև-2» համաժողովին առանց նախապայմանների մասնակցությունը
Նմանատիպ
Սիրիան «Ժնև-2» համաժողովին կմասնակցի առանց նախապայմանների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հոկտեմբերի 3-ին հայտարարել է Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ Հալկին՝ ավելացնելով, որ իր երկիրը պատրաստ է երկխոսություն սկսել ազգային ընդդիմության հետ՝ բոլոր տարաձայնությունները հաղ թահարելու համար, քանի որ սիրիական ազգը միասնական ուժ է և իրավունք ունի որոշել իր ճակատագիրը: Իր հերթին, Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին նշել է, որ «Ալ Քաիդա»-ի հետ կապված «Ջաբհա ան Նուսրա» և «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող խմբավորումները «Ժնև-2» համաժողովում չեն կարող հանդես գալ սիրիական հարցի կարգավորման մասնակցի դերում: Այլ կերպ ասած’ արյան մեջ թաթախված խմբավորումները իրավունք չունեն մասնակցել այդ համաժողովին:
Բացի այդ, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Սիրիան կընդունի բոլոր տեսակի մարդասիրական օգնությունները, միայն թե օգնությունը պետք է իրականացվի Սիրիայի կառավարության և ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի կարգավորման կառույցի համագործակցության միջոցով:
Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի երեք մշտական անդամներ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ջանքեր չեն խնայել Սիրիայի հանդեպ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի ընդունման համար: Սակայն, ինչպես հայտնի է, նրանց չի հաջողվել իրականացնել այդ ցանկությունը: Ավելի վաղ ԱՄՆ-ը հանդես էր եկել Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում