Իրանը Ժնեւ կուղարկի «վեցյակի» հետ բանակցորդների նոր թիմ
Նմանատիպ
Իրանը «վեցյակի» հետ երկխոսության նոր փուլի շրջանակներում, որը հոկտեմբերի 15-16-ին տեղի կունենա Ժնեւում, կուղարկի բանակցորդների ամբողջովին նոր թիմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական մի աղբյուր:
«Ժնեւի հանդիպումը կդառնա իրանական նոր թիմի առաջին լիամասշտաբ մասնակցությունը միջազգային հանրակցության հետ բանակցություններին: Ժնեւ է ժամանելու ամբողջովին նոր թիմ, որը եւ այսուհետեւ կվարի բանակցությունները: Ենթադրվում է, որ պատվիրակության կազմում նախկին մասնակիցներից ոչ ոք չի լինի»,- ասել է գործակալության զրուցակիցը: «Դա իրանական կողմի եւս մեկ ազդանշանն է համաձայնության գալու պատրաստակամության վերաբերյալ: Իրանի նախկին թիմը փոխզիջումների գնալու պատրաստակամություն չէր դրսեւորում»,- ընդգծել է նա:
Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վարումը հանձնարարել է երկրի ԱԳ նախարարությանը: Ավելի վաղ դրանով զբաղվում էր Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը:
Դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ Ժնեւում կարող են նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվել այն մասին, թե ՄԱԳԱՏԷ-ի գծով ինչ է հարկավոր անել կողմերի միջեւ վստահությունը վերականգնելու համար: Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների հաջորդ հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 28-ին:
«Իրանին հարկավոր է պատժամիջոցների վերացում, իսկ միջազգային հանրակցությունը ցանկանում է հսկողության տակ դնել Իրանի միջուկային ծրագրերը՝ համոզվելու համար, որ Իրանի գործունեությունն ուղղված է խաղաղ էներգետիկային, այլ ոչ թե չհայտարարված նպատակների»,- ճշտել է գործակալության զրուցակիցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում