Իլհամ Ալիևի վերընտրությունը կպահպանի Ադրբեջանի քայլերի կանխատեսելիությունը. փորձագետներ
Նմանատիպ
Ադրբեջանում նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևի վերընտրությամբ կպահպանվի Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, հայ-ադրբեջանական սահմանում անկայունություն առաջացնելու քայլերը կշարունակվեն: Քաղաքագետ-միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանի խոսքով’Իլհամ Ալիևի վերընտրման ազդեցությունը հայ-ադրբեջանական փաստացի գոյություն չունեցող հարաբերությունների վրա պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե արդյոք նա կշարունակի իր որդեգրած քաղաքականությունը, թե ոչ: «Ադրբեջանի արտաքին քաղաքակության մեջ փոփոխություններ պետք չէ ակնկալել: Ժողովրդավարության խորը ավանդույթներ չունեցող երկրում արտաքին քաղաքականության փոփոխությունը բացատրվում է առաջնորդի փոփոխությամբ: Երբ Հայաստանում 2008թ.-ին առաջնորդի փոփոխություն եղավ, մենք դա նկատեցինք արտաքին քաղաքականության փոփոխության մեջ: Իրանում տեղի ունեցած ընտրությունները և քաղաքական կուրսի փոփոխությունը ևս այդ տեսության վկայությունն են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ նշեց Մենուա Սողոմոնյ անը’ հավելելով, որ այս պահին ամենահավանական նախագահի թեկնածուն Ադրբեջանում շարունակում է մնալ Իլհամ Ալիևը, հետևաբար, արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ պետք չէ ակնկալել:
«Որքան ավտորիտար է երկիրը, որքան առաջնորդի իշխանությունը անձնիշխանական է, այնքան էլ այդ երկրից չի կարելի ակնկալել խաղաղ վարքագիծ. ղեկավարի ագրեսիվ վարքը սահմանափակող ինստիտուտներր թույլ են կամ ընդհանրապես գոյություն չունեն, նորմերը ևս թույլ են և նրա ագրեսիվ հակումները չեն կարող զսպել: Այդ տեսանկյունից, որքանով Ադրբեջանը ձևավորվի որպես ժողովրդավար երկիր, խաղաղության շանսերը ավելի մեծ կլինեն»,- ընդգծեց Մենուա Սողոմոնյանը’ միևնույն ժամանակ նշելով, որ, մյուս կողմից’ ժողովրդավար Ադրբեջանը կարող է մեծ ընդունելություն գտնել միջազգային հանրության շրջանակում և ճնշումները Հայաստանի վրա կարող են մեծանալ: «Պատերազմը և անկայունությունը ձեռնտու կլինեն Իլհամ Ալիևի վարչակարգին’ իր սասանված լեգիտիմությունը ամարապնդելու տեսանկյունից: Սակայն, մի կարևոր հանգամանք էլ կա’ անհատական և պետական մակարդակից բացի, պետք է հաշվի առնել միջազգային համակարգը. արդյոք այն թույլ կտա պատերազմական գործողությունների ծավալում: Սիրիայի հետ կապված գործողընթացները ցույց տվեցին, որ մեկ ղեկավարի որոշումը քիչ է»- պարզաբանեց միջազգայնագետը:
Նրա խոսքով’ ընդդեմ Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքի Հայաստանի կողմից ուժային հավասարակշռության արդյունավետ քաղաքականություն վարելը կարող է զերծ պահել Ադրբեջանը ռազմական գործողություններից: «Վերջին ժամանակներում մեր դիսկուրսի մեջ կիրառվում է այն տեսակետը, որ ավելի ուժեղ հավասարակշռման համար մեզ պետք է այնպիսի ռազմական բաղադրիչների կիրառում, որոնց գործարկման պայմաններում Ադրբեջանը կհասկանա, որ իր ոտնձգություններն աններելի են: Իհարկե, այս ամենի համար մեզ պետք են ֆինանսական միջոցներ, բայց մեր ռազմական քաղաքականությունն էլ պետք է տանենք այն ուղղությամբ, որ ոչ միայն հավասարակշռենք, այլև զսպենք Ադրբեջանի ռազմական նկրտումները»,- ասաց Մենուա Սողոմոնյանը:
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը ևս Իլհամ Ալիևին է համարում Ադրբեջանի ապագա նախագահի ամենահավանական թեկնածուն: «Նրա վերընտրման համար արվում է ամեն ինչ: Անգամ այդքան հսկայական ռեսուրսների պայմաններում, ընդդիմության նկատմամբ շարունակվում են ճնշումները, սադրիչների միջոցով խոչընդոտվում են հանրահավաքները: Նրանք ամեն կերպ վերացնում են բոլոր խոչընդոտներն իրենց ճանապարհից»,- նշեց ադրբեջանագետը’ շեշտելով, որ դեպի ժողովրդավարություն գնալու ոչ մի քայլ չի տեսնում ադրբեջանական իշխանությունների գործելաոճում: Նրա կարծիքով’ ընտրություններից հետո հասարակական ընդվզումներ կլինեն, որոնք, սակայն, կմարեն: Մյուս կողմից, Ասատրյանի դիտարկմամբ’ Ադրբեջանի իշխող վարչակարգի թվացյալ կայունությունը շատ հեղհեղուկ է: «Մի թեթև կայծը կարող է կործանել իշանական բուրգը և դրա նախադրյալներն այսօր արդեն կան»,- հավելեց ադրբեջանագետը:
Բանախոսները բացառեցին երկրորդ փուլի անցկացումը’ նշելով, որ դա հնարավոր կլիներ խարիզմատիկ առաջնոսրդի առկայության դեպքում, ով, սակայն, բացակայում է:
Սերժ Սարգսյանի այն հայտարարությունում, որ Հայաստանի համար ամենաձեռնտուն Իլհամ Ալիևի հաղթանակն է, բանախոսները տենում են ակնարկ առ այն, որ Իլհամ Ալիևի գործողությունները կանխատեսելի են: «Միգուցե նրանց կողմից իրականացվող գործողությունների հակաքայլերն ու հակասցենարներն արդեն մշակվա՞ծ են»,- հարցադրեց Մենուա Սողոմոնյանը:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ. հոկտեմբերի 9-ին: Որոշումն ընդունվել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի օգոսոտի 2-ի նիստին: Ադրբեջանում ընտրական իրավունք ունի շուրջ 5 մլն մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում