Օբաման չի պատրաստվում հանրապետականների հետ բանակցություններ վարել
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ չի պատրաստվում բյուջեի շուրջ ընդդիմադիր հանրապետականների հետ բանակցություններ վարել «ատրճանակը՝ քունքին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Politico թերթը՝ հղում անելով մի կոնգրեսականի, որը ներկա է եղել փակ հանդիպմանը:
Օբաման կրկնել է, որ պատրաստ է կարճաժամկետ համաձայնության, երբ կդադարեցվի պետական հիմնարկների կոլապսը եւ կբարձրացվի պետական պարտքի սահմանաքանակը, որպեսզի շարունակվեն բանակցությունները բյուջեի շուրջ:
Օբաման հրաժարվել է ընդառաջել դեմոկրատ այն կոնգրեսականներին, ովքեր պատրաստ են համաձայնել պետական հիմնարկների մասնավոր ֆինանսավորմանը:
Օբաման հոկտեմբերի 10-ին կշարունակի կոնսուլտացիաները Կոնգրեսի հետ եւ երկու առանձին հանդիպում կանցկացնի Սենատի դեմոկրատների եւ Ներկայացուցիչների պալատի ոչ մեծ խումբ հանրապետականների հետ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քառնին քննադատության է ենթարկել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյներին, որը, Քառնիի խոսքով, Օբամայի հետ հանդիպելու համար առանձնացրել է միայն մի քանի հանրապետական կոնգրեսականների եւ թույլ չի տվել լայն քննարկում անցկացնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում